ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
(վեպ-ռեքվիեմ)

Ես կարծում եմ' դա անգամ հիվանդություն չէ: Պատիժ է' ի վերուստ մարդուն Աստծուց ուղարկված իր աններելի վարքի համար… Միրըղ Մուզաֆֆարի տնից քիչ ներքև Կաբան Ղուլամի տունն է: Տեսնո՞ւմ ես, թե ինչ վիճակում է նրա թոռը: Բարձրանում է ցանկապատի վրա և այնտեղից անցորդների վրա քարեր նետում: Հիմա, տե՛ս, թե ինչ է կատարվում մյուս տներում, որոնք ջարդերի ժամանակ նույնպես հայերից են զավթվել: Բեյազի որդի Գաֆիլն արտաքուստ կարգին մարդ է թվում, բայց նա էլ է շիզիկ: Օրերս փողոցում ճանապարհս կտրեց և մի ամբողջ ժամ պատմեց, թե Մուհամմեդը սև ձիու վրա համբառնալով' ինչպես է Սինա լեռան վրա հանդիպել Ալլահին:

Լավ, թողնենք հոգեկաններին: Ոչ մի մարդ Այլիսում, որ այն ժամանակ հայերի հանդեպ բռնությունների միջոցով մտադիր է եղել բարեփոխել իր կյանքը, մինչև հիմա հանգիստ չունի: Ինքդ ես լսում, թե ինչպես են ամեն երեկո գոռգոռում ու հայհոյում մահտեսի Ալեքսանի տունը զավթած Գազանֆարի երկու որդիները: Այդ եղբայրները պատրաստ են իրար կոկորդ կրծել: Ահա այսպես են զավակները պատիժ կրում իրենց ծնողների գործած մեղքերի համար: Նրանց հոգիները, որոնց մենք տանջամահ ենք արել, մեզ թույլ չեն տալու հանգիստ ապրել: Ահա մսագործ Մամեդաղան. փողոցում դաշույնով մորթել է Մկրտիչ քահանայի աղջկան: Ես նրան ծեր ժամանակ չեմ տեսել: Միայն Բաքու գնացածներից լսել եմ, որ շան նման սատկել է: Սկզբում լրիվ կուրացել է, հետո կաթվածահար եղել' բերանը ծռմռվել է մինչև ականջները: Էլ չասած' ահավոր տառապանքներ է կրել փորկապությունից: Երբ նա կքում էր զուգարանում, աղաղակները Զանգեզուր էին հասնում: Հիմա էլ ցանկացած մարդ պատրաստ է թքել նրա գերեզմանին: Մի խոսքով, երիտասա՛րդ, ես արդեն չեմ հավատում, որ երբևէ այստեղ լավ ժամանակներ կգան: Եվ տեսնում եմ, որ իրենք' այլիսցիներն էլ դրան չեն հավատում:

Ռուսերեն հեղինակային բնագրից
թարգմանությունը'
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

շարունակությունն այստեղ'