Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
Անցած գիշեր, Ասլանի Սլավիկի բակում, Չիպիի ընկեր տղաները հարձակվել, ծեծի էին ենթակել Գազանին: Այդ լուրը հասավ աշխարհ… բոլորը դատապարտեցին, քննադատեցին, գործը քննվեց նույնիսկ' եվրոդատարանում: Կողմերի, թերի խոսքն ու ոչ բացատրելի համոզմունքը, հիասթափեցրեց ներկաներին' գործը կարճվեց… Թերթերն ու ամսագրերը չէին կարող չանրադառնալ այդ աղմուկ հանած, մի քանի օրվա մեջ կարճված գործին, գնացին այդ հետքերով' ամեն բան սպասվածից էլ մաքուր էր: Ծեծկրտուքի պատճառը հայտնի էր բոլորին: Երիտասարդության շրջանում նման առիթների շատ ես հանդիպում, որտեղ հայտնվում են ջահելներ ու չդիմադրելով' ներսի ցանկությունը, կանգնում են փաստերի առաջ, որտեղ լսում ես, թե ինչպես խեղճ ու համեստ աղջիկը չուզենալով տրվեց տղամարդու ցանկությանն ու երբ հասկացավ արդեն ուշ էր: Նմանօրինակ մի պատմության ականատես դարձանք…
… Դախի Չիպին հանդիպել էր Ասլանի Գազանին ու գայթակղվել, նա էլ չէր հասկացել, չէր ուզել, հետո հասկացել էր, բայց արդեն ուշ էր: Նրանք էլ էին այդ դատապարտվելիք գործի զոհերից… հանդիպել էին, վատ բան չէին արել, հետո մի լավ լկստվել էին ու վերջ… Գազանը ամոթից գլուխը կախել էր, նստել էր պատի տակ, չէր ուզում տեսնել, լսել, հանդիպել: Չիպին էլ իր հերթին փակվել էր տանն ու տնքտնքում էր, ջերմում էր, ցավեր ուներ: Սիրտը քաղցր էր ուզում… հղի էր: Իրար գլխի էր հավաքել մարդկանց, վայելում էր հղիության ' իրեն բաժին ընկած շրջանը: Ոչ մի լուր չուներ Գազանից, ոչ մեկը չգիտեր, որտեղ է թաքնվել Գազանը, արդյոք կենդանի է: Ասլանի Սլավիկի բակից, ուշ գիշերով ձայներ լսվեցին' Գազանն էր, խրոխտ, առնական… նստել էր պատի տակ, հավաքել ընկերներին ու շարունակում էր խմել: Գազանի թավ ձայնը ծակեց Չիպիի ունկը, գլուխը թաղեց բարձի մեջ, հիշեց այն երանելի վայրկյանները, ջուր թփեց աչքերից: Չորրորդ օրն էր բան չէր կերել, չէր խմել, նվազել էր մի քանի օրում: Ես էլ իմ հերթին փակվել էի տանը' դուրս չէի գալիս, <> էր մոտս: Չէի ուզում տեսնել, լսել, խոսել, հանդիպել… Մեղքը' ոտքերը լայն բացել, լղոզվել էր ներսիս պատերին, ապականել միտքս: Աչքերիս առաջ սուտը կերպարանք էր հագել ու որոշել ապրել, ինձանից քիչ հեռու, ինձ շատ մոտ: ՈՒ այդ ահռելի սուտը, մեղք դարձավ' ձևավորվեց իմ կես խիղճն ու ամբողջական բնավորությունը: Չէի ուզում տեսնել, լսել, առավել ևս' խոսել, հանդիպել: Չէի ուզում պաստառ հագած դեմքով նայել մեկին, որն իր տագնապի, վախի, բռնությամբ' կհամոզեր ինձ ազնիվ լինել ու ազատ ապրել… ՈՒ այդպես էլ կիսախեղված ապրում էի, հաշվում ինձանից հանգիս հեռացող օրերն ու ամիսները: Այդ տեսակ ապրելու ձևը կոչվում էր <>… հավաքական մտքի, անսահման նվիրումի, վախի, խղճահարության անսանձ պարահանդեսի մասնակից, որը համարվում է կենսակերպ, փոքրիկ մարդու համար պահած վիճակ: Ամեն բան միօրինակ լույսի մեջ մի դեմք ու մի մարմին ստվեր հագած պետք է կանգներ գլխիս ու հարվածեր…ես իսկույն պետք է հասկանայի, ընդունեի իմ կյանքի չափաբաժին սուտն ու պերճախոս դատարկությունը, որ անբաժան էր ինձանից: Գիշերով' երազ տեսա, մեռել էի… այնքան շատ մարդ կար, մեկը' երգում էր, մյուսը' պարում, իսկ ես պառկած տեղից ասմունքում էի, աչքերս թաց էր, խորհրդավոր, անշշուկ ու ծանր, տատս ասաց երկար ու առողջ կապրես… ամեն դեպքում դա տատիս ցանկությունն էր ինչը կապ չուներ երազիս հետ: Չիպին էլ էր նույն իմ կարգավիճակում: Նա էլ չէր խոսում, խուսափում էր հանդիպել, լսել, պատասխանել: Ես' իմ չսափրված, փնթի դեմքն առել, հագել էի խոշորացույցն ու ընկել փողոց: Բնության մեջ արտառոց կերպարս գունաթափում էր տեղից տգեղ, փչացած, կովկասցու լեզուն ու միտքը… գիտակցությունը: Հասա Խանջյան փողոց, ճանապարհը փակ էր: Օլիգարխների մեքենաները, որը սկսվում էր անթիվ կրկնվող թվերով պատուհանի նեղ արանքեց հանել էին իրենց լայնածավալ գլուխները' հայհոյում էին, սուլում, մատ ցույց տալիս, օդում թողնելով ինքնակոչ արտահայտություններ: Ըստ էության վթար էր: Ազգս իր նեղ ու տափակ դեքերով հավաքվել էին, թամաշա էր… ոտք դնելու տեղ չկար: Սպանում էին իրար, որտեղից այդ չափ ատելություն ու զզվանք, հայը հայի հանդեպ: Սա է, փաստորեն մեր հավերժական մտքի ձեռք բերած փառքը, որտեղ մեկը մյուսի աչքերում հոշոտում, լափում է մյուսին. գլխատում… Ձեռքերս դողում էին, ամբողջ Խանջյանը խցանված էր անգույն շքեղության մեջ, ավտոցուցադրության կենտրոն էր դարձել քաղաքը: Արևը կախվել էր ծառերին չորանում էր, այժմ դեղին էր արևը, երկինքը անօդ էր, ծառերն էլ փթթում էին ամառվա շոգից, շատ էի ուզում գնալ, շատ էի ուզում մեռնել, գիշերվա երազը հավանել էի, որտեղ ինչ-որ տեղ, ինչ-որ բան սատկել էր, աղմուկ էր, զկռտում էր… Ոտքով հասա առաջին մեքենային, որտեղից որ սկսվել էր խցանումը: Ես էի… արյան ու ցեխաջրերի մեջ: Մարմինս մասնատվել էր: Աչքերս դեռ բաց էր, նայեցի' ինքս ինձ չհիշեցի… աչքերս հանգիստ կորցրեցի: Լացի ձայներ կար: Մեքենաների մի անկյունում Գազանն էր, Ասլանի Չիպիի ձեռքից ամուր բռնած… իմ հրաժեշի պահին նրանք կողքիս էին, գլուխները կախ, ձեռքով ցտեսության նշան ցույց տվեցին: Այդ օրվանից հետո էլ չտեսա ինձ: Ասլանի Սլավիկի բակում բոլորը դուրս էին եկել, ձմեռ էր' տաք էր, արևը հանգիստ ջերմում էր: Ասլանի բակում էլ ոչ ոք չտեսավ Գազանին ու Չիպիին… մի գիշերվա մեջ կորել էին:
ՎԵՐՋ