ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ուշ գիշերին իր ֆեյսբուքյան նորաբաց էջում ամփոփել է օգտատերերի գրառումները՝ բաժանելով դրանք երեք խմբի. աջակիցներ, հայհոյողներ և անիծողներ, քննադատողներ:

«Շնորհակալություն իմ աջակիցներին, ձեր աջակցությունն ինձ ոգևորում է: Երկրորդ խմբի մասին հետևյալը կասեմ. ես երբեք հայհոյանքներին ու անեծքներին չեմ պատասխանում, ընդամենը նշեմ, որ իմ էջում բոլոր հայհոյանքները պետք է հանվեն, որովհետև սա զուգարանի պատ չէ, պաշտոնական էջ է: Ինչ վերաբերում է երրորդ խմբին, բազմակարծություն է, բնական եմ համարում»,- ասել է նա:

Այնուհետև Շարմազանովն անդրադարձել է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ 800 հա կորցնելուն և պարտվելուն․

«Ժողովուրդ ջան, ով ձեզ ասել է, որ Հայաստանն ու Արցախը ապրիլյան պատերազմում պարտվել են, նա ուղղակի ոչ միայն խաբել է, այլ նաեւ դավաճանություն է արել հենց Արցախի, Հայաստանի և այն սպաների ու զինվորների նկատմամբ, որոնք իրենց կյանքով են հատուցել Հայաստանի ու Արցախի քաղաքացիների անվտանգությանը։ Սա դավաճանություն է Ռոբերտ Աբաջյանի և նրա զինակից ընկերների ու սպաների նկատմամբ: Ինչպես կարելի է մի երկիր, որը հաղթել է ապրիլյան պատերազմում, ասել, որ պարտվել ենք: Մենք 12 մլն հա պահել ենք, որևէ արցախյան բնակավայր ադրբեջանցին չի մտել: Ադրբեջանն ու Ալիևը ֆիասկո են ապրել: Հարյուրավոր տանկերը, որ բերել էր, որևէ մեկն իր նպատակին չի ծառայել։ Բոլորս ընդունում ենք, որ 1992-1994 թվականներին մենք հաղթել ենք, բայց մենք այդ ժամանակ Շահումյանն ու Գետաշենը տվել ենք, էդպես է ստացվել: Հիմա ի՞նչ կանգնենք ասենք, որ քանի որ Գետաշենն ու Շահումյանը կորցրել ենք, ուրեմն 1994 թվականի պատերազմում պարտվե՞լ ենք: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական  կարճատեսություն և դիվերսիա Հայաստանի ու Արցախի նկատմամբ»,-հայտարարել է Շարմազանովը:

 

Նա անդրադարձել է նաև վարչապետի պաշտոնակատարի հասցեին իր հնչեցրած քննադատությանը. «Փաշինյանն էլ մեր նման մարդ է, չի՞ կարելի քննադատել: Հո երկնքից իջած հրեշտակ չի՞: Բոլորս էլ սովորական մահկանացուներ ենք:

Իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը խոսում է: Այն ժամանակ կար ընդդիմություն, որ շատ խիստ քննադատում էր, հիմա եկել է իր աշխատելու, արդյունքներ ցույց տալու ժամանակը: Մեր իշխանությունը զերծ չի եղել սխալներից, ունեցել է նաև ձեռքբերումներ: Մեր իշխանության տարիներին եղել է երկու պատերազմ՝ ապրիլյան և վրաց-օսական: Մեր իշխանության տարիներին եղել է երկու միջազգային տնտեսական ճգնաժամ, «Սասնա ծռերի» ապստամբություն և դրանով անդերձ այդ տարիներին տնտեսությունը 2 անգամ աճել է, աշխատավարձը՝ 3 անգամ: Աճել են ներդրումները, ԵՏՄ ենք մտել, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ենք ունեցել: Ձեր շատ սիրելի կառավարությանը ժառանգել ենք 9 տոկոսից ավելի տնտեսական աճով երկիր, իսկ հիմա իրենք նոր բյուջեում 4,9 տոկոս են բերել»,-ասել է Շարմազանովը։