Վերջերս շատ է խոսվում ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններում փոխադարձ դերի մասին։ Նախ նշենք, որ ՀՀ-ն առանցքային դեր է խաղում ՀԱՊԿ գործունեության կովկասյան ռազմավարություն ուղղությամբ՝ հանդիսանալով անդրկովկասյան միակ հանրապետությունը, որը ՀԱՊԿ անդամ է և սահմանակից է ՆԱՏՕ-ի հարավային գոտուն՝ ի դեմս Թուրքիային։

 

Արժե հիշել, որ Ադրբեջանը, որը 1999 թվականին դուրս է եկել ՀԱՊԿ-ից և մեղադրել այս կազմակերպությանը, որ այն չի աջակցում մասնակից երկրների հակամարտությունների լուծման խնդրին, այսօր մտածում է ՀԱՊԿ վերադառնալու հնարավորության կամ առնվազն այդ կազմակերպությունում գործընկեր կամ դիտորդի կարգավիճակ ստանալու մասին: Կազմակերպության հիմնական անդամները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն այսօր Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես գործընկերներ։ Հաշվի առնելով այդ գործոնը, կարելի է փաստել, որ ուժերի այս բաշխումը կազմակերպությունում թույլ կտա Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ ստանալու դեպքում ազդել ՀԱՊԿ գործընթացների վրա, ինչը բնական է չի բխում հայկական կողմերի շահերից: Ուստի պատահական չէ, որ հայկական կողմը հայտարարել է իր՝ վետոյի իրավունքից օգտվելու մասին։


ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալու վերաբերյալ Բաքվի դիրքորոշման վրա ազդող գործոններից կարող է համարվել նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախման հավանականությունը, որտեղ Ադրբեջանը, որը որևէ անվտանգության կազմակերպության անդամ չէ, իր կայունության համար լուրջ սպառնալիքներ է տեսնում:


Հայաստանը՝ առաջնայնությունը տալով Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանը, ցանկացել է պարզապես ընդլայնել իր կապերը ՆԱՏՕ-ի և այլ արևմտյան կազմակերպությունների հետ։
Հայաստանի ռազմական համագործակցության նորմատիվաիրավական հենքը զարգանում է ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ համաձայնագրերի միջոցով։ Հայաստանը օգտվում է ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող սպառազինության, ռազմական տեխնիկայի մատակարարման, ինչպես նաև զինվորական կադրերի պատրաստման արտոնյալ ռեժիմի առավելություններից։ Եվ ինչպես հայտնի է Հայաստանի պաշտպանության ամրապնդումը առաջնային նշանակություն ունի ինչպես թուրքական գործոնով պայմանավորված, այնպես էլ՝ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքով։ ՀԱՊԿ գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմաքաղաքական համագործակցությունը՝ Հայաստանը հետայսու ևս շարունակելու է ներդնել իր ջանքերը համատեղ աշխատանքը կոորդինացնելու, գործակցության ներուժն ավելի լիարժեք և արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։