Իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանակներում գրանցված վերջին սրացումները և դրանց հանգուցալուծման փորձերը, որոնք աննախադեպ էին 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին իսրայելական ԶՈւ-ի կողմից նախաձեռնված «Անխորտակելի ժայռ» ռազմագործողությունից հետո, հնարավոր է՝ ներքաղաքական ճգնաժամի հանգեցնեն Իսրայելում:
Բանն այն է, որ իսրայելական և պաղեստինյան կողմերի միջև հրադադարի ռեժիմի վերականգնման պատճառով հրաժարական է ներկայացրել Հրեական պետության ՊՆ Ավիգդոր Լիբերմանը՝ մեկնաբանելով Թել-Ավիվի պատասխան գործողություններն անհամաչափ, իսկ հաշտությունը՝ «կապիտուլյացիա ահաբեկչության առջև». ի դեպ, հենց Լիբերմանն է համարվում լարվածության վերջին շրջափուլի և դրա հանգուցալուծման ռազմագործողության ձախողման գլխավոր պատասխանատուն, քանի որ նրա գիտությամբ(հնարավոր է՝ անմիջական նախաձեռնությամբ) նոյեմբերի 11-ին իսրայելական ԶՈւ-ի իրականացրած հետախուզադիվերսիոն օպերացիայի պատճառով խափանվեցին կողմերին հաշտեցնելու Եգիպտոսի ջանքերը:
Ընդհանուր առմամբ, Գազայում իսրայելական կողմի վերջին գործողությունները նաև Իսրայելի ներսում են հաճախ գնահատում որպես պարտվողական-զիջողական, իսկ Լիբերմանի հրաժարականի դեպքում, եթե նաև նրա գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը դուրս գա իշխող կոալիցիայից, ապա մեծ հավանականությամբ երկիրը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Մինչդեռ վարչապետ Նեթանյահուն ամեն կերպ խուսափում է ներքաղաքական իրավիճակի սրացումից, անգամ նույն մոտեցմամբ էր պայմանավորված նաև պաղեստինցիների դեմ աննախադեպ անհամաչափ գործողությունները: Իսկ որպես նշվածի հնարավոր պատճառ՝ կարելի է նշել նախ առաջիկայում իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի ծրագրի ներկայացումը, ինչպես նաև, անշուշտ, Իրանի դեմ բոլոր ընդհանուր ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը: Հետևաբար, կանխատեսելի է, որ Իսրայելի ղեկավարը ձգտելու է հնարավորինս հապճեպ և անկորուստ շտկել ստեղծված իրավիճակը՝ անգամ արտաքուստ կարևոր զիջումների գնով:
Հ.Գ. Ի դեպ, պաղեստինյան կողմը Ա. Լիբերմանի(Իսրայելում Ադրբեջանի լավագույն բարեկամի) հրաժարականը գնահատում է որպես նաև սեփական հերթական ձեռքբերում և հաղթանակ վերջին դիմակայության շրջանակներում, քանի որ «Համասը» կանխավ, որպես Իսրայելի հետ հաշտության նախապայման, ներկայացրել էր Լիբերմանի հրաժարականի պահանջը: