Ես չեմ կարողանում հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ աղքատների և գործազուրկների մասին, ուղղակի անհաշվենկատ ու սպոնտան պոռթկում չէր:
Դեռևս չեմ կարողանում հավատալ, որ դա նրա անձնական ու քաղաքական դիրքորոշումն է երկրում զբաղվածության հիմնախնդրի, պետության սոցիալական գործառույթների, և, ընդհանրապես, աշխատանքի ու գործազրկության մասին:
Քանի որ, եթե դա Նիկոլի քաղաքական դիրքորոշումն է, այլ ոչ թե պահի տակ ասված սպոնտան մտքեր, ապա մեր վարչապետը ուլտրա աջ - ծայրահեղական է, «վայրի կապիտալիզմի» և «каждый сам за себя» ջունգլիական գաղափարների կրող:

 


Քաղաքակիրթ աշխարհում վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդը մենակ էր իր խնդիրների դեմ: Պետությունը, որպես ամբողջ հասարակության շահերն արտահայտող և իրացնող, վաղուց նորմալ աշխարհում հոգ է տանում հասարակության այն անդամների մասին, որոնք ունեն զբաղվածության և արժանապատիվ կյանքի համար դժվարություններ: Այդ թվում, հոգ է տանում սոցիալական նպաստների, կենսաթոշակների, զբաղվածության խթանման զանազան պետական ծրագրերի, գործազուրկների մասնագիտական վերապրոֆիլավորման, պետական մսանակցությամբ և կամ աջակցությամբ ձեռնարկատիրական գործունեության խթանման, և տարբեր այլ ձևերով... Եվ երեսով չի տալիս:
Միջնադար չէ, փառք Աստծու: Այդ միջնադարու՛մ էր, որ «իշխանը», ֆեոդալը, կարող էր ճորտին կամ իր տիրույթներում ապրող աղքատին մի պարկ ալյուր շպրտել, ապա խայթել, թե՝ «ձրիակեր են, չեն աշխատում»:

 


18-19-րդ դարերում անգլիական մանուֆակտուրաներում մարդկանց աշխատացնում էին օրական 14-16 ժամ և շատ հաճախ «վճարում» կերակուրով, հագուստով ու կացարանով:
... 21-րդ դարի Հայաստանում, շատ աշխատավայրերում, մոտավորապես նույն պայմաններն են՝ օրական 12-14 ժամ աշխատանք, իսկ աշխատավարձն էլ այնքան, որ հերիքում է միայն կացարանի ու սննդի համար, հաճախ դրան էլ չի հերիքում:
Մարդիկ, այո, պետք է աշխատեն և լուծեն իրենց նյութական խնդիրները, եթե գործունակ են և աշխատունակ: Որպեսզի նրանք բարեհաջող լուծեն այս խնդիրը, տնտեսությունը պետք է ապահովի բավարար աշխատատեղեր՝ արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ վարձատրության հնարավորություններով:

 


Եթե մարդը չի կարող աշխատել կամ, աշխատելով հանդերձ, չի կարող արժանապատիվ կեցություն ապահովել իր և իր ընտանիքի համար, դրա մեղավորը նրա «ծուլությունը» կամ «ձրիակերությունը» չէ, պարո՛ն վարչապետ:
Ուրիշ տեղերում փնտրեք մեղավորությունը. տնտեսությունում, գործատուների վերաբերմունքում, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներում, պետական կառգավորման մարմինների ոչ արդյունավետ աշխատանքում, հարկային ու դրամավարկային անարդյունավետ քաղաքականությունում, Ձեզ անիմաստ թվեր զեկուցող երիտասարդների պրոֆեսիոնալիզմում...

 

Որտեղ կուզեք՝ փնտրեք, միայն ոչ քաղաքացու «ձրիակերության» հակման մեջ: Այդպիսի ակնարկներն անգամ վայել չեն պետության ղեկավարին: Որևէ՛ պետության: Այդպիսի ակնարկները կարող են բխել տնտեսությունում ու սոցիալական ոլորտում հսկայական խնդիրներին բախվելուց սեփական անզորության գիտակցումից: Կամ մեծամտությունից ու չարացածությունից: Կամ անտեղյակությունից:
Լիովին հավատում եմ, որ վերջին պատճառն է այստեղ առկա: