Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան  էջում  գրել է.

«Նոյեմբերի 8-ին Աստանա է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը... Ղազախստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը...

 

Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի ներայացուցիչ Յուրի Խաչատուրովը, ով կառույցը պետք է ղեկավարեր մինչև 2020 թ-ը, պաշտոնանկ արվեց Երևանի պահանջով... Ըստ տրամաբանության` Խաչատուրովին պետք է այդ պաշտոնին փոխարիներ ՀՀ ներկայացուցիչը, սակայն ինտրիգը կայանում է նրանում, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կարող են այլ որոշում ընդունել... Պաշտոնական Մոսկվան, արդեն ԶԼՄ-ների միջոցով, տեղեկացրել է, որ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի համար կա 3 թեկնածու՝ Բելառուսի ներկայացուցիչը, ով այբբենական կարգով հաջորդում է Հայաստանին, Հայաստանի ներկայացուցիչը կամ էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը՝ ՌԴ-ն ներկայացնող Վալերի Սեմերիկովը...

Մեծ հավանականությամբ, պաշտոնական Կրեմլը կարող է նախընտրել «ոչ ոքի» տարբերակը, և գլխավոր քարտուղարի պաշտոնում թողնել այն ժամանակավորապես զբաղեցնող Վալերի Սեմերիկովին... Այդպիսով, չի վիրավորի Բելառուսին, որը ջանադրաբար ցանկանում է օր առաջ իր ներկայացուցչին մեր հաշվին դարձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, իսկ Հայաստանին էլ այդպիսով «դեղին քարտ» ցույց կտա, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրներից շատերը, և հատկապես Ռուսաստանը, դժկամությամբ ընդունեցին Խաչատուրովի դեմ Հայաստանի նոր իշխանությունների դեմարշը, բայց, ինչպես նշեցի, չբավարարելով Բելառուսի ցանկությունը...

 

Հիշեցնեմ, որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո, Բելառուսի և Ղազախստանի նախագահները բավական երկար ժամանակ խանգարում էին Երևանին, իսկ հետո էլ համոզում Պուտինին թույլ չտալ, որ Հայաստանի ներկայացուցիչն զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը...

Չնայած վերը նշված «հավանականությանը» հուսանք, որ Փաշինյանին կհաջողվի համոզել ՀԱՊԿ-ի մեր «գործընկերներին», որ Երևանի ներկայացուցիչը նշանակվի այդ կազմակերպության գլխավոր քարտուղար...»: