Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը հասարակության գերակշիռ հատվածի շրջանում «փրկչականության» հանդեպ անսահման հավատն է, ինչը ենթադրում է, որ կհայտնվի որևէ «փրկիչ»-կառավարիչ, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հենց այս մտայնության շրջանակներում ինքնըստինքյան ենթադրվում է, թե հասարակական մակարդակում պետք է անել ընդամենը մեկ բան՝ ջատագովել նույն այդ «փրկչին» և ձեռքերը ծալած նստել ու սպասել, որպեսզի նա պարզապես իրականացնի իր համար սահմանված «փրկչական» առաքելությունը։
Իրականում այս մտայնությամբ երբևէ հնարավոր չէ երկիր զարգացնել։ Դա անելն, ըստ իս, հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ «փրկչին» ջատագովելու և նրա առաքելության ենթադրյալ հաջող ավարտին անհուն հավատով սպասելու փոխարեն մեզանից յուրաքանչյուրը չհասկանա, որ համապետական հաջողության հասնելու համար պետք է հենց ինքը գոնե մի ժամ ավել կրթվի և մի ժամ ավել աշխատի, այլ ոչ թե սպասի, թե «փրկվելու» է համայնքապետարանի աշխատակիցի կամ երկրի առաջին դեմքի առաքելությամբ։
Եվ ի վերջո, փրկչական հավատամքն ի սկզբանե ենթադրում է արքայություն ոչ թե երկրի վրա, այլ երկնքում, իսկ պետությունները, բարեբախտաբար թե ցավոք, զարգանում են միայն երկրի վրա։