Նոյեմբերի 4-ին Նոր Կալեդոնիայում կայացած հանրաքվեն կրկին միջազգային հարաբերությունների օրակարգ բերեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված հարցերը: Եվ չնայած այն չհանգեցրեց Ֆրանսիայից անկախացման (արշիպելագի բնակիչների 56,8%-ը դեմ է անկախությանը) սակայն կարող է դառնալ ինքնորոշման տրամադրությունների ակտիվացման նոր խթան և այստեղ կարևոր է հենց անցկացման փաստը՝ անկախ ելքից։


Ի դեպ, սա Նոր Կալեդոնիայում առաջին հանրաքվեն չի: 1980-ական թվականներին տեղի ունեցած անկարգությունների արդյունքում 1988թ. Փարիզը համաձայնեց հաստատել տասնամյա անցումային շրջան, որի ավարտին Նոր Կալեդոնիայում պետք է տեղի ունենար անկախության մասին հանարքվե: 1998թ. հանրաքվեն կայացավ, սակայն այն ժամանակ ևս քվեարկողների մեծ մասը դեմ արտահայտվեց Ֆրանսիայից անկախացմանը: Եվ դա, թերևս, պատահական չէր, քանի որ Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող շրջանը Եվրոպայի հետ կապված է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական սերտ կապերով:

 

Ըստ 1998թ. պայմանագրի՝ առաջին հանրաքվեում անկախության կողմնակիցների պարտության դեպքում նրանք հնարավորություն կունենան մինչև 2022թ. կազմակերպելու ևս երկու նման հանրաքվե:
Ի դեպ, Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող շրջաններից անկախության ձգտում է ոչ միայն Նոր Կալեդոնիան, այլ նաև ֆրանսիական Պոլինեզիան: Ինչևէ, Փարիզում գիտակցում են, որ այս ամենը դժվար թե դոմինոյի էֆեկտ ունենա՝ տարածվելով իր ենթակայության տակ գտնվող մյուս շրջանների վրա, քանի որ յուրաքանչյուր շրջան իր առանձնահատուկ հարաբերություններն ունի Փարիզի հետ: Բացի այդ, անկախության ձգտում դրսևորող և քիչ թե շատ ինքնավարություն ունեցող յուրաքանչյուր շրջան իրականում ձգտում է իրավունքների և ֆինանսական աջակցության ընդլայնման, քանի որ անկախանալով Ֆրանսիայից՝ նրանք կհեռանան նաև ԵՄ-ից:


Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավորում է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ համանուն կղզու վրա: Ֆրանսիայի համար այս կղզիների խումբը ռազմավարական նշանակություն ունի: Այն Խաղաղ օվկիանոսում ֆրանսիական ռազմական ինչու չէ նաև ռազմավարական ֆորպոստի դեր ունի, բացի այդ, այստեղ է կենտրոնացած նիկելի համաշխարհային պաշարների 54 տոկոսը: Ֆրանսիան՝ պահպանելով վերահսկողությունը իր «կայսրության» ռազմավարական նշանակություն ունեցող «մնացորդների» նկատմամբ, մնում է աշխարհի առաջատար տնտեսական և ռազմական գերտերությունների շարքում: Ֆրանսիական ընկերություններն տեղի հանքավայրերից ստանում են ոչ միայն նիկել, այլ նաև ոսկի, կոբալտ, երկաթ և այլ մետաղներ: Հետևաբար, Նոր Կալեդոնիայի հանրաքվեի արդյունքներն, իհարկե, լավ նորություն են Փարիզի համար:

 


Այնուամենայնիվ ինչու Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչները քվեարկեցին հեռավոր Եվրոպայի վերահսկողության տակ մնալու օգտին: Դրա պատճառներից մեկը Նոր Կալեդոնիայի բարդ միջէթնիկական հարաբերություններն են: Այնտեղ տեղաբնիկները՝ կանակները, կազմում են բնակչության ոչ ավել քան 40 տոկոսը: Մնացածը ֆրանսիացիների, ինդոնեզացիների, պոլինեզիացիների, վիետնամցիների և նախկին գաղութային կայսրություն համարվող Ֆրանսիայի այլ գավառներից ներգաղթածներ են:

 

Եվ պատահական չէ, որ բոլոր այս մարդիկ լուրջ մտավախություն ունեն, որ անկախացման դեպքում Նոր Կալեդոնիայում կհաստատվի էթնիկ բռնապետություն՝ քաղաքական ճնշումներով, ունեցվածքի բռնագրավումով և ուրիշներին ճնշելու այլ դրսևորումներով: Նախադեպերը, երբ նախկին գաղութների տեղաբնիկները այս ոճով վրեժ էին լուծում կայսերական ներգաղթյալների ժառանգներից, պատմության մեջ բավական շատ են: Շատ նախկին գաղութներ՝ անկախություն ձեռք բերելով, ընկան քաղաքացիական պատերազմների քաոսի մեջ՝ գույքային, էթնիկական կամ կրոնական խառնաշփոթի վերաբաշխման պատճառով և իշխանությունը ստացած նախկին գաղութների էլիտաները սկսեցին նույնը անել, ինչ գաղութատերերը, այսինքն, ռեսուրսները և կապիտալը արտահանել նախկին մայրաքաղաքներ: Ահա թե ինչու այսօր մնացյալ գաղութները չեն շտապում պայքարել անկախության համար: Կարելի է հստակ փաստել, որ գաղութատիրության առավել մռայլ դրսևորումները մնացել են անցյալում, և հիմա Նոր Կոլեդոնիայի բնակիչները Փարիզի և Լիոնի բնակիչների պես ունեն քաղաքացիության լիակատար իրավունք:

 


Անկախ արդյունքներից, Նոր Կալեդոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս հաստատում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը նմանատիպ հարցերի լուծման ամենաօպտիմալ տարբերակն է։
Զուգահեռներ անցկացնելով պետք է նշել, որ Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումը ևս պետք է դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը, ինչը կզսպի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, կապահովի հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելիությունը և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։


#NewCaledonia #France