Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները հիմնականում վերաբերում են Էներգետիկայի ու բանկային ոլորտներին: Արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգաընկերությունների՝ Iranian Oil Company-ի, Naftiran Intertrade Company-ի, Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց և ընկերությունների ակտիվները: Պատժամիջոցները կներառեն 600 ընկերությունների և ֆիզիկական անձանց, կտրուկ կսահմանափակվի նավթի արտահանումը:

Իրանի հետ միջուկային համաձայնագրի 5 մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը դեմ են ԱՄՆ-ի քաղաքականությանը: Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցները մտցվելու են այնպես, որ Իրանին սահմանակից բարեկամ երկրները չտուժեն, և չի բացառել Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը:

Ի՞նչ հետևանքներ կունենան պատժամիջոցները Իրան-Հայաստան հարաբերությունների ու, ընդհանրապես, ՀՀ համար: Ըստ էության, պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանում կզգացվի զբոսաշրջության ոլորտում: Այս տարի իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է Իրանում դրամի կտրուկ արժեզրկման ու ելքի թույլտվությունների թանկացման պատճառով: Մյուս ոլորտներում ազդեցությունը զգալի չի կարող լինել, քանի որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ծավալն այնքան էլ մեծ չեն: Համենայն դեպս, Հայաստանը շարունակում է օրական 1,6 միլիոն խորանարդ մետր իրանական գազ ստանալ ու էլէներգիա փոխանցել Իրանին: Ադրբեջանը դեռ հոկտեմբերի 1-ից էր դադարեցրել գազի գնումն Իրանից: Իրանի դեմ պատժամիջոցները Հայաստանի դերն ու արժեքը Թեհրանի համար կարող են բարձրացնել․ ի վերջո ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորություններ է բերում: