Քաղաքագետ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի Հայրենակիցներ,

Երկար մտորելուց և շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո հայտարարում եմ' Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին:

Պետք է խոստովանեմ, որ այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, քանի որ մինչ այժմ զբաղվել եմ իմ սիրած գործով' կրթությամբ և գիտությամբ, համարելով, որ որակյալ կրթությունն ու գիտությունը այն միջոցն է, որ կլուծի Հայրենիքիս առջև ծառացած լրջագույն խնդիրներն և կկանխի սպառնացող վտանգներն ու սպառնալիքները:

Ապրիլյան համաժողովրդական զարթոնքն ու շարժման հաջողությունը նոր ոգևորություն և հույս առաջացրեց իմ մեջ, որ վերաջապես Հայաստանում կձևավորվի մրցակացային և գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական համակարգ' բոլոր կուսակցությունների համար գործելու հավասար և ազատ պայմաններով:

Ժողովրդի հաղթանակն ընդդեմ բռնատիրության, համատարած և համակարգային կոռուպցիայի և հովանավորչության, ամբողջատիրության, մեկ մարդու կողմից երկրում ամեն ինչ որոշելու պրակտիկայի, ապաշնորհ և անարդյունավետ կառավարման, ինչպես նաև հանուն արդարության, ազատության, արժանապատվության չի կարող հաջողության չհասնել:

Հաղթանակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ միասին վերցրած' ՀՀ ժողովուրդը, որը չի կարող չհաղթել, քանի որ ժողովրդի պարտությունը դա պետության և պետականության պարտությունն է:

Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին 6 ամիսների ընթացքում ժողովրդի հաղթանակը չենթարկցեց անհրաժեշտ կապիտալիզացիայի, ինչի մասին ես բազմիցս ահազանգել եմ' հուսալով, որ նոր կառավարության իմ հարգելի գործընկերները կգիտակցեն պահի լրջությունն ու փոփոխությունների օրեցօր նվազող հնարավորությունների մեծ ռիսկը:

Այլ պայմաններում այս ժամկետը կարող է թվալ շատ կարճ իրական և շոշափելի հաջողություններ արձանագրելու համար, սակայն այսօր յուրաքանչյուր օրն ու ժամն աշխատում են այդքան երկար սպասված փոփոխությունների իրացման դեմ' առաջացնելով նոր ռիսկեր և մարտահրավերներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում:

Միաժամանակ խիստ մտահոգված եմ հայկական ինքնության հենասյունների և ազգային ինստիտուտների նկատմամբ նոր կառավարության որդեգրած անբարեխիղճ վերաբերմունքով, որի հետևանքով զգալիորեն հեղինակազրկվեցին և արժեզրկվեցին պետական ինստիտուտները, ինչը հնարավորությունների լայն դաշտ ստեղծեց գլոբալիզացիայի կողմնակից ուժերի համար Հայաստանը հերթական թիրախ դարձնելու համար:

Վերջին 20 տարվա ընթացքում ՀՀԿ-ի կողմից պահպանողական գաղափարախոսության աստիճանական ու հետևողական հեղինակազրկման և ապականման հետևանքով Հայաստանում ձևավորվել է «ամեն ինչ սխալ է և պետք է քանդվի» կեղծ օրակարգը, որի արդյունքում հարվածի թիրախ են դառնում այնպիսի հենասյունային ինստիտուտներ, ինչպիսիք են Հայ Առաքելական եկեղեցին, Բանակը, Կրթական և Տնտեսական համակարգերը, Հայկական մշակույթն ու ավանդույթները, ընտանեկան արժեքները:

Կողմնակից լինելով ազատական շուկայական տնտեսության, հասարակական հարաբերությունների ապականոնակարգմանն ու ապակենտրոնացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարությանն ու իրավունքի գերակայությանը, ինչպես նաև օրենքի առջև բոլորի հավասարությանը, միևնույն ժամանակ պնդում եմ, որ յուրաքանչյուր իրավունք նաև պարտականություն է, իսկ յուրաքանչյուր ազատություն' պատասխանատվություն, ինչի արդար և անկողմնակալ կիրառման երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը' որպես վարչական հարկադրանքի կիրառման միակ իրավասու սուբյեկտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հայտարարում եմ, որ իմ հետագա քաղաքական գործունեության հիմքում դրված կլինի աջ ուղղվածության, լիբերալ պահպանոողական' նեոկոնսերվատիվ, գաղափարախոսությունը:

Քաղաքական գործընթացներին մասնակցելու ձևաչափի մասին լրացուցիչ կհայտարարեմ ՀՀ քաղաքական ուժերի և շահագրգիռ խմբերի հետ խորհրդակցություններն ավարտելուց հետո»: