Այսօր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) օրն է:
Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո հիմնված կառույցը թեև հսկայական առաքելություն է իրականացրել այս ժամանակահատվածում, բայց, այդուհանդերձ, պետք է փաստել, որ ՄԱԿ-ի հեղինակությունը վերջին տասնամյակում կտրուկ անկում ապրեց:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը մնում է միջազգային անվտանգության, կոնֆլիկտների հարթման և մարդու իրավունքների մասին բարձրաձայնող ամենահեղինակավոր կառույցը:
Միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է շահագրգռված լինի' վերադարձնելու կառույցին իր երբեմնի բարձր հեղինակությունը, որը տարաձայնությունների և բախումների հավանական առաջացման կանխարգելող և զսպող առաջատար կազմակերպությունն է:
Նորանկախ մեր հանրապետության կայացման ու զարգացման գործում մեծ է նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բազմամյա դերը:
Վստահ եմ, որ ՄԱԿ-ին համարժեք փոխարինող այլ կառույց դեռ չկա և դժվար էլ մոտ ապագայում ստեղծվի, քանի որ կազմակերպությունն ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու և մարդկության զարգացմանը նպաստող ամենաազդեցիկ համաշխարհային կառույցն է, որին 1992 թվականի մարտի 2-ից անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը: