Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը գրել է․ 

«Անցած տարի գարնանը դիմեցի Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Հովհաննես Վարդանյանին՝ մեր բակի եզրաքարերը փոխելու համար: Թաղապետն ավելի լավ տարբերակ առաջարկեց՝ վերանորոգել ողջ բակը: Բնականաբար դեմ չեղա, որովհետև վերջին անգամ չէի հիշում, թե երբ էր շինտեխնիկա մտել բակ, էլ ուր մնաց վերանորոգվեր: Օրինակ կողքի բակը, որը երևի 3 անգամ մեծ է մերինից, նախկինում պարբերաբար վերանորոգվում էր: Ասում էին ՀՀԿ-ից չգիտեմ ով էր բնակվում այդտեղ: Դե իսկ մերը կսպասեր:

Մի խոսքով՝ թաղապետի հետ պայմանավորվեցին բնակիչներից ստորագրություններ հավաքել, որ նրանք դեմ չեն, որ բակը բարեկարգվի: Անհրաժեշտ քանակության ստորագրություն հավաքվեց, բայց պարզվեց կան բնակիչներ, ովքեր այդքան էլ կողմ չեն գեղեցիկ ու մարդավայել բակ ունենալուն: Պատճառը մեկն էր՝ տարիներ առաջ, տարբեր թաղապետերի օրոք, իրենց հայտնի ճանապարհով զավթել էին բակի տարածքը, ցանկապատել ու իրենց մեքենաների համար որպես կայանատեղի էին օգտագործում: Իսկ բարեկարգելն իր մեջ ներառում էր նաև այդպիսի ապօրինի կառույցների վերացում: Դե արդեն պատկերացրեք, թե ինչ թատրոն էր ամեն անգամ մեր բակում, երբ շինարարները գալիս էին գործ անելու: 

Զրուցեցի թաղապետի հետ խնդրի վերաբերյալ, ասեց՝ քանդվելու են: Անկեղծ ասած սկզբում թերահավատ էի, որովհետև ոնց ապօրինի կառուցել էին, տենց էլ միջոցներ կգտնեին այդ արգելքը ևս շրջանցելու: Բայց, ի ուրախություն ինձ ու շատ հարևանների, թաղապետն իր խոսքի տերն եղավ, ու չնայած ոչնչի՝ այդ ցանցապատ տարածքները քանդվեցին, վերադարձվեցին բակին: Այսօր դրանց փոխարեն մանկական խաղահրապարակ, նստարաններ ու սալիկապատ ճեմուղի է:

Ստորև կտեղադրեմ ներկա ու նախկին նկարները, ինքներդ կհամոզվեք դրանում:
Իհարկե որոշները փորձեցին առիթը բաց չթողնել ու իրենց վերագրել բակի բարեկարգումը, որովհետև ես սեր չունեմ արածներիս մասին բարձրաձայնելու, բայց եկեք չխոսեմ նման էժան մարդկանց մասին:
Ասածս ինչ է՝ այսօր արդեն Հովհաննես Վարդանյանը թաղապետ չէ, բայց իր արածը, կոնկրետ մեր բակի մասով, շատ վարչական շրջանների ղեկավարների համար օրինակ պետք է ծառայի: Համենային դեպս ես Արաբկիրի նման թաղապետի չեմ հիշում:

Պարոն Վարդանյանը խոստացել էր նաև հասնել այն խնդրահարույց ճանապարհի վերանորոգման համար իրավական հիմքերին, որի մասին բազմիցս գրել էի, բայց ափսոս, որ միշտ չէ ամեն ինչ մեր ուզածով լինում: Հուսամ նոր թաղապետը ևս բաց կլինի բնակիչների համար ու վերջապես կհասնեմ այդ ճանապարհի վերանորոգմանը:
Սա թերևս իմ շնորհակալության խոսքն էր պարոն Վարդանյանին՝ առաջին հերթին իր խոսքի տերը լինելու, և հետո միայն վարչական շրջանի լավ ղեկավար լինելու համար: Ճիշտ է, պետական գործիչներին շնորհակալություն չեմ հայտնում իրենց գործն անելու համար, բայց էնքան ենք կարոտ մնացել գոնե խոսքի տերը լինելուն, որ նման դեպքերի մասին պետք է անպայման բարձրաձայնել»: