ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ 

«Հարգելի պարոն վարչապետ,

 

Վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն եմ ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը:

Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմադրամի լուծարումը, որը հանդիսանում է ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը:

Այն Հայաստանի պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է (think-tank):

2000 թվականից առ այսօր հիմնադրամը հաստատել է կապեր միջազգային կառույցների հետ, համագործակցել է տարբեր պետական կառույցների ՝ այդ թվում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ խթանելով տվյալ կառույցների հետազոտական գործունեությունը, օժանդակելով նորարարական մշակումներին և ռազմավարական որոշումների կայացմանը:

Մատնանշեմ, որ կառույցն իր աշխատանքներում ունի չօգտագործված ներուժ՝ հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության առումով, սակայն այս հանգամանքը բնավ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս գործունեության դադարեցման համար:

 

Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ:

Պարոն վարչապետ, կոչ եմ անում Ձեզ վերանայել Ձեր մոտեցումը՝ առավել մանրամասն ուսումնասիրելով հիմադրամի կատարած աշխատանքները և նշանակությունը Հայաստանում վերլուծական-փորձագիտական մտքի հետագա զարգացման համար:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Հ.Գ. Նամակը ուղարկել եմ նաև պաշտոնապես»: