«Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ, քանի որ աշխատանքի բերումով, լինելով լրատվության մեջ և թերթում աշխատելով, մենք բազմիցս ենք ուսումնասիրել և հրապարակումներ արել  ՀՀ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Ի ուրախություն ինձ՝ մենք միշտ արձանագրել ենք, որ առողջապահության ոլորտում մեր մասնագետները բարձր կարգի են, և ես, անկեղծ ասած, վստահում եմ նրանց»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ի պատասխան օգտատերերից մեկի հարցին:

Վարչապետի տիկինը նշեց, որ տեղյակ է, ու իր կարծիքով՝ բնական է, որ այդ թեմայի շուրջ կան տարբեր կարծիքներ ու շատ զգուշացումներ:

 

 «Ինչ-որ մի պահ սկսում ես կասկածել, բայց իրականում իմ վստահությունը մեր առողջապահության համակարգի նկատմամբ, մեր բժիշկների նկատմամբ՝ բարձր է, և ես մտածում եմ, որ եթե իրենք ուսումնասիրել են և դեմ չեն ու խորհուրդ են տալիս այդ պատվաստանյութը, ուրեմն ես վստահում եմ ու իմ երեխային այդ պատվաստումը կանեմ»,- ասաց Աննա Հակոբյանը: