Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Համացանցում քննարկվում են ՀՀ Ազգային ժողովն արձակելու տարբերակներ: Դրանցից մեկը, որի հետ կապված լրագրողները հետաքրքրություն են ցուցաբերել, փոքրամասնություն կազմող պատգամավորների մանդատները վայր դնելու տարբերակն է:
Այս առումով, կարծում եմ, որ պատգամավորների թիվը Սահմանադրությամբ նախատեսված 101 թվից նվազելու դեպքում Ազգային ժողովը չի կարող արձակվել: Սահմանադրությամբ այդպիսի հիմք նախատեսված չէ: Հակառակ դեպքում, մյուս Ազգային ժողովի խորհրդարանական փոքրամասնությունը կարող է նույն կերպ մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել և այդպես շարունակ: Սա սահմանադրական ճգնաժամ կառաջացնի:
Ազգային ժողովը կարող է արձակվել միայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով (ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԸՆՏՐԵԼՈՒ), 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՏԱԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԸՆՏՐԵԼՈՒ) սահմանված դեպքերում:
Կարելի է նաև հանրաքվեով փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ և Ազգային ժողովի արձակման նոր հիմքեր ընդգրկել, սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն իր պատնեշներն ունի:
Իմ կարծիքով, ՀՀ ազգային ժողովի արձակման այլ տարբերակներ չկան: