Չգիտեմ որտեղ և ինչպես գրեմ, որ նամակս հասնի Սիրուշոյին: Խնդրում եմ օգնեք տարածեք որ կարդա:
Ես երկրպագու չեմ ուղղակի մարդ եմ, ով շատ ուզում է իր խոսքը հասցնել մի երգչուհու,ով վստահ կարելի է ասել վերջին տարիներին ամենաշատն է արել հայկական մշակույթի տարածման համար: Գայանեն եմ, ունեմ 18 տարեկան աղջիկ: Կորուստներով լի դժվար կյանք եմ ունեցել:
Սիրուշոյին անձամբ ցավոք երբեք չեմ հանդիպել, բայց նա իր աշխատանքով ու տեսակով ինձ շատ է օգնել:
Հիշում եմ ինչպես էր բեմ բարձրանում մայրիկի հետ երբ փոքր էր, ինչ աչքերով էր Սյուզան Մարգարյանը նայում իրեն...Այդ մայր և դուստր կապը միշտ երազում էի ունենալ աղջկաս հետ: Հիշում եմ ինչպես էինք ամբողջ ընտանիքով հուզվում և հպարտանում երբ նա մասնակցում էր Եվրատեսիլին:
ԻՆձ համար ամենածանր շրջաններից մեկն էր, առավոտ չկար որ չլսեի «Հավատում եմ» երգը: Իսկ վեջին շրջանի իմ ամենասիրելի երգը «Դեր Զոր»-ն էր.
Անիում նկարահանված ֆիլմը նայելուց արցունքներով հուզվել եմ... Այսպես ամեն երգի հետ մի պատմություն բոլորս էլ երևի ունենք: Նա մեր աչքի առաջ է մեծացել ու մեր աղջիկն է:
Երեկ մի պահ միացրել էի հեռուստացույցը, հայկական տեսահոլովակներ էին ցուցադրում, մեկը մյուսի ետևից անորակ ու կիսաթուրքական ելևեջներ ու պատկերներ: Հետո Սիրուշոյի «Հու-Հա»> երգը սկսվեց, հայկական կարպետներ, քանոն և հայոց թագուհու կերպարով Սիրուշո՛: Հասկացա թե որքան կարևոր է նա մեզ համար, ինձ համար, աղջկաս համար:
Զարմանում եմ թե ինչպես են մարդիկ կարողանում լռել ու թույլ տալ, որ որոշ հիմարներ առիթից օգտվելով Սիրուշոյի վերաբերյալ բացասական խոսք ասեն:
Ինձ ոչ քաղաքականությունն է հետաքրքիր, ոչ էլ..դրանք եկող գնացող երևույթներ են, ինձ կարևոր է, որ ուժեղ ու խելացի հայ աղջկա ու կնոջ օրինակ ունենամ որով կարող եմ աշխարհով մեկ հպարտանալ ու աղջկաս էլ որպես օրինակ ներկայացնել ու ասել ձգտի, որ այսպիսինը լինես:
Սիրուշո ջան, ուզում եմ իմանաս, որ մենք քեզ ու քո աշխատանքը գնահատում ենք: Դու մեր աղջիկն ես ու միշտ կլինես մերը:
Քեզ սիրող՝ Գայանե Առաքելյան»