Այսօր, սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի ծննդյան օրն է: Հաջորդ տարի համայն հայությունը նշելու է մեծ երգահանի, երաժշտագետի և երգիչի 150-ամյա հոբելյանը: Կոմիտասի ստեղծագործական բազմաբովանդակ գործունեությունից ներկայացնենք ուշագրավ մի դրվագ՝ 1908 թվականին Կոմիտասի ղեկավարած երգչախմբի Երևանում՝ Ջանփոլադյանի թատրոնում (լուսանկարում) կայացած համերգի մասին:

Բեռլինի կայսերական համալսարանում ուսումն ավարտելուց հետո Կոմիտասը 1899-ին վերադառնում է Էջմիածին: Գևորգյան ճեմարանում նա սկսում է վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ դասավանդելով երաժշտություն։ Այդ ժամանակ էր, որ Կոմիտասը հավաքագրեց ու սկսեց ղեկավարել Գևորգյան ճեմարանի սաներից բաղկացած բազմաձայն երգչախումբը: Նա կարողանում է ճեմարանի երգչախմբի կատարողական մակարդակը հասցնել այնպիսի բարձր վարպետության, որ 1900-ականների սկզբից երգչախումբը մեծ հաջողությամբ սկսում է արդեն համերգներով հանդես գալ Հարավային Կովկասի հայաշատ քաղաքներում: Համերգների այս շարքում Կոմիտասն իր երգչախմբով ելույթ ունեցավ նաև Երևանում:

Կոմիտասի կյանքի ժամանակագրությունը վկայում է, որ այդ համերգը կայացել է 1908-ի փետրվարի 22-ին և դարձել Երևանի պատմության համար դարասկզբի ամենավառ մշակութային էջերից մեկը: Համերգը տրվեց Ջանփոլադյանի թատրոնի շենքում: Հանրապետության հրապարակի մոտ գտնվող այդ շինությունը ներկայումս չի պահպանվել՝ խորհրդային տարիներին այն հայտնի էր որպես «Սպայի տուն»: Դեռևս 1840-ականների սկզբին կառուցված շենքում նախկինում գործել էր Երևանի գավառային ուսումնարանը, որտեղ որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խաչատուր Աբովյանը: Հետագայում այս շինությունը ձեռք է բերում երևանաբնակ գործարար և բարերար Եսայի Ջանփոլադյանը և հիմնովին վերակառուցելով՝ դարձնում է այն հարմարավետ դահլիճով ու բեմով թատրոն: Ջանփոլադյանի թատրոնի բացումը կայացել էր 1907-ի փետրվարին՝ Կոմիտասի համերգից ուղիղ մեկ տարի առաջ: Նշենք, որ Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեում տեղակայված այդ պատմական շենքը 2005-ին կառավարության կողմից ճանաչվեց որպես հանրային գերակա շահ և քանդվեց, իսկ դրա տեղում այսօր գործում է բազմահարկ բիզնես կենտրոն:

Կոմիտասը Երևանում մեծ ընդունելության արժանացավ: Ինչպես վկայել են ժամանակակիցները, Կոմիտասի երևանյան համերգին դահլիճը լեփ-լեցուն է եղել: Այստեղ է հավաքված եղել քաղաքի հասարակության ողջ սերուցքը՝ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանի և քաղաքային դումայի պատգամավորների գլխավորությամբ: Համերգից առաջ Կոմիտասը հայ ազգային երաժշտությանը նվիրված բովանդակալից դասախոսություն է կարդացել, որից հետո երեք բաժնից բաղկացած համերգի ընթացքում Գևորգյան ճեմարանի 80 հոգանոց քառաձայն երգչախումբը կատարել է Կոմիտասի մշակած մոտ 30 ստեղծագործություն: Ամեն մի կատարում ընդունվում էր մեծ ոգևորությամբ, հիացմունքով ու բուռն ծափահարություններով, իսկ որոշ երգեր երգչախումբը դահլիճի պահանջով կատարել է երկու-երեք անգամ: Կոմիտասի երևանցի երկրպագուների մեծ բազմություն է հավաքված եղել նաև դրսում՝ դահլիճից դուրս: Համերգի վերջում Կոմիտասը հանդես է եկել իր հանրահայտ «Անտունի» երգի հուզիչ և անկրկնելի կատարմամբ:

 

Ռուբեն Շուխյան