• Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը, որում փոքր երեխան պատահական դռան խորշից տեսնում է ծնողներին սեռական մերձեցման ժամանակ և սկսում է ինքն իրեն գանգատվել աշխարհի անարդարությունից․ «Ու էսքանից հետո իրանք հլը ինձ արգելո՞ւմ են, որ մատով քչփորեմ քիթս»…
• Առաջին նկարում 1946 թ․-ն է՝ էթնիկ գերմանացիների վտարումը Չեխոսլովակիայից։ Մասնագիտական գրականության մեջ սա կոչվում է «էթնիկ զտում»։ Երկրորդ նկարում 1993 թ․-ն է՝ էթնիկ ադրբեջանցիների վտարումը Քյալբաջարից։ Մասնագիտական գրականության մեջ սա կոչվում է «էթնիկ զտում»։ Երրորդ նկարում գերմանական Ֆրանկֆուրտն է՝ դաշնակիցների «ռազմավարական ռմբակոծությունից» հետո, չորրորդ նկարում նախկին ադրբեջանական Աղդամն է հայկական «պետական թալանից» (© Ռ․ Քոչարյան) հետո։
• Եթե կարծում եք, որ սրանք զուտ պատմական պատահական նմանություններ են, սխալվում եք։ Իրականում եվրոպական/արևմտյան տիպի բոլոր հետգաղութային ազգ-պետությունները (post-colonial nation-states) ձևավորվել են էթնիկ զտումների արդյունքում ժողովրդագրական և սահմանային որոշակի բալանսավորող կոնֆիգուրացիաների հասնելու շնորհիվ։ Խոսքը կայսերական ինքնությունը տրանսֆորմացրած պետությունների մասին չէ, այլ ժամանակին հենց կայսրությունների կազմում եղածների։ Չեխիա, Լեհաստան, Հունաստան, Թուրքիա (խորքային առումով վերջինս ազգակերտվել է Օսմանյան կայսրությունից «անկախանալով»), Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Այնտեղ, որտեղ պրոցեսն ավարտին չէր հասել ժամանակակից պատմության սկսվելու պահին (պայմանականորեն՝ 2001 թ․), մինչ այժմ առկա է լարում ու հակամարտություն՝ Հյուսիսային Իռլանդիա, Իսրայել, մերձբալթյան երկրներ։
• Հայաստանն ու Ադրբեջանը «մետաժամանակագրորեն» միջին դիրք են զբաղեցնում «հասցրածների» ու «չհասցրածների» միջև։ Մի կողմից՝ փոխադարձ էթնիկ զտումներն ու բնակչության փոխանակումները թույլ են տվել այսօր ունենալ բռնության շատ փոքր (ու միատեսակ) չափաբաժին, մյուս կողմից՝ կողմերից չկա համաձայնեցված կամ պարտադրված հաշտության իրերի առկա դրությունն ընդունելու շուրջ։
• Տարբեր քննարկումների ու բանախոսությունների ժամանակ առիթ ունեցել եմ նշելու, որ գիտությունը չի կարող լինել «պոլիտկոռեկտ»․ այն նկարագրում և բացատրում է իրականությունը վերջինիս «մերկության» մեջ։ Եվ որքան էլ արդի Եվրոպայում մերժելի լինեն այսօրինակ պատումներն ու դիսկուրսը, փաստը մնում է փաստ, որ հետկայսերական տարածքներում առանց էթնիկ զտումների ազգային պետություններ չեն գոյանում, և եվրոպական պատմությունը մեզ առաջին հերթին հենց սա՛ է ուսուցանում։ Այլ հարց է, որ ակադեմիական ճշմարտությունը մի կողմ թողած՝ ժամանակակից Արևմուտքը փորձում է «չհասցրածներիս» պարտադրել իր՝ այս պահի դրությամբ ունեցած վերջնարդյունքը՝ առանց, սակայն, այդ արդյունքին տանող ճանապարհն անցնելու։ Միակ տարբերությունը մեր ու նրանց միջև ժամանակն է և ուժային բալանսը։
• Ժամանակին ես բավականին սուր ու «ռեվիզիոնիստական» գիտահրապարակախոսական հոդվածներ էի գրում կառավարության պաշտոնաթերթում՝ «Հայաստանի Հանրապետությունում», ԼՂ հակամարտության բանակցային տրամաբանության վնասաբերության և այլընտրանքային տարբերակների մասին։ Այն բոլոր դեպքերում, երբ գրածս ակնբախորեն հակասում էր ՀՀ պաշտոնական դիրքորոշմանն ու բացահայտորեն քննադատում էր առկա բանակցային առաջարկները, ստիպված էի լինում անգամ համոզել խմբագրությանը, որ «դա այն չէ, ինչ նրանք են մտածում» և որ «պրոբլեմ չկա, հանգիստ տպենք»։
• Ներկայումս ուժային հավասարակշռության առումով Հայաստանում ոչինչ չի փոխվել, սակայն կոնկրետ երկրի նոր ղեկավարն անձնապես ունի ավելի մեծ անկախության միջազգային շփումներում ու բանակցություններում և դա չմսխելու դեպքում կարող է հետազոտական ու վերլուծական համապատասխան խորհրդատվության դեպքում իրապես օգտակար ճեղքում (breakthrough) մտցնել բանակցային պրոցեսի տրամաբանության մեջ։ Դրա հավանականությունը քիչ է, բայց կա, ու ավելի մեծ է, քան առաջ։