Հայ, հայություն, Հայաստան, Արցախ, հայկական սփյուռք։ Ո՞վ ենք մենք, ու՞ր ենք գնում, ի՞նչ ունենք աշխարհին տալու։ Հավատում եմ՝ մի օր մեկը կտա այս հարցերի պատասխաններն այնպես, որ ամուր կկառչի բոլորիս ականջներից ու սրտերից։ Հասունացել է, շատ ուշ չի լինի։
Իսկ այս պահին օրակարգում «Նոր Հայաստանն» է։ Ես այն պատկերացրի որպես մի նոր՝ սիրո և հանդուրժողականության միջավայր, որ պետք է ձևավորվի յուրաքանչյուր հայի կողմից։ Հազար անգամ չհոգնենք կրկնել դասագրքի ճշմարտությունը՝ մենք միշտ պարտվել ենք պառակտված լինելու, տարբեր ճամբարների բաժանվելու պատճառով։ Երբ միասնական ենք եղել, հաղթել ենք։ Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան։ Ուրեմն, սեր ու միասնություն՝ հաղթելու համար։
Դեպի առաջ ճանապարհը բարդ բան է։ Ուժերի համատեղումը կարող է թեթևացնել ընթացքը։ Ուժերի համատեղման կարելի է հասնել խոսելով, բանակցելով միայն։ Սեղանի շուրջ բանակցություններով ձեռքբերված համատեղ լուծումներն իրագործելի են հարյուր անգամ ավելի հեշտ։ Մենք պետք է սովորենք միասին ապրել ու արարել, որ կարողանանք առաջ գնալ, թե չէ ամբողջ ներկան կանցկացնենք անցյալում։
Դուխով
Թևան Պողոսյան