Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա:

Ալիևը հավելել է, թե Ադրբեջանը չի փոխելու իր սկզբունքային դիրքորոշումը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Ալիևը ասել է նաև, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է»:

Ադրբեջանը հստակորեն գծեց այն կարմիր գիծը, որից այն կողմ չի անցնելու ու դա միանշանակ մեսիջ է'հայերին, Մինսկի խմբին'Ղարաբաղին չի տրվելու ոչ մի կարգավիճակ'Բաքուն ցանկանում է ոչ միայն յոթ շրջանները, այլ ամբողջ Արցախը, իսկ ինչ է նշանակում ամբողջ Արցախն Ադրբեջանի կազմում'հայաթափություն, էթնիկ ջարդեր, Սումգայիթի, Բաքվի ջարդերի կրկնություն:

Բաքուն կոշտացրել է իր դիրքորոշումը'բանակցությունները մտել են փակուղի ու պատերազմն է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներից ամենառեալը'Երևանն ու Ստեփանակերտն երբեք չեն համաձայնվի, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում'դա նոր հայոց ցեղասպանություն է ենթադրում արդեն արցախյան հողում: Բաքուն փորձում է վերադառնալ 1988թ.-ին'յոթ շրջանները հետ վերադարձնելով փորձել վերադարձնել նաև Լեռնային Ղարաբաղը կամ այս պարագայում արդեն ԼՂԻՄ-ի սահմաններով տարածքները: Փաստորեն Բաքվի համար արդեն իսկ անընդունելու ու քիչ են մադրիդյան սկզբունքները, որոնք ի դեպ ընդհանրապես հայանպաստ չեն:

Որը պետք է լինի ՀՀ-Արցախի պատասխանը'կառուցել այլ, նոր, smart բանակ'նորագույն տեխնոլոգիաներով, նոր զինատեսակներով, լրացնել այն բոլոր բացերը, որոնք կային ապրիլյան քառօրյայի ընթացքում: Դա ենթադրում է նոր տնտեսության կառուցում'այսօրվա տնտեսական հնարավորություններով ու ռազմական բյուջեով դա անելը շատ բարդ է'կանխել արտագաղթը, բացել աշխատատեղեր, մեծացնել պայմանագրայինների, պրոֆեսիոնալ զինվորականների թվաքանակը: Ժողովրդագրական վիճակն աղետալի է'այդ ուղղությամբ պետք է արվեն իրոք հեղափոխական լուծումներ'այսօր այդպիսի ռազմավարություն չկա:

Ադրբեջանը փորձելու է մեծացնել սեփական ռազմական ծախսերը'ՀՀ-ին ստիպելով մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ'վարկեր վերցնել ՌԴ-ից ու լինել կախված Մոսկվայի ռազմական առաքումներից, որոնք կարող են նաև ամենաանհրաժեշտ պահին ուշանալ:

ՀՀ-ն ու հատկապես Արցախը սեփական տարածքում պետք է կառուցեն նոր որակի ռազմաարդյունաբերական համալիր'քաղպաշտպանության նոր որակի լոգիստիկա, ակտիվ ու պատրաստված մոբռեսուրս'զորավարժություններին ներգրավվել հասարակության նորանոր շերտեր:

Բաքուն հստակ գնում է լայնածավալ պատերազմի'Ալիևի այսօրվա հայտարարությունը դրա վառ ապացույցն է: Պատերազմին պետք է պատրաստ լինել ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական և այլ առումներով: