Ասեցի չգրեմ, բայց դե ով չգիտի, թող իմանա։ ԱԱԾ–ի տնօրենի ասածը, որ Viber–ը չի գաղտնալսվում, հալած յուղի տեղ մի ընդունեք։ Կամ նա տեղյակ չէ, կամ էլ ուղղակի ասել է ասելու համար։ Հայաստանում գուցե անհնար է գտնել որևէ մեկին, որ կարողանա Viber–ը գաղտնալսել, բայց Viber–ը հնարավոր է գաղտնալսել։
Ի վերջո բացի հասարակ հեռախոսային խոսակցությունից' ո՞ր մեսենջերներն են հնարավոր գաղտնալսել։ Թե Viber–ը, թե Whatsapp–ը, թե շատ ուրիշները հնարավոր է գաղտնալսել, քանի որ այդ ծրագրերում տվյալները ծածկագրվում են ոչ միայն ձեր անձնական հեռախոսի մեջ, այլև համապատասխան սերվերներում։ Այս պահին աշխարհում կա միայն մեկ մեսենջեր, որում տվյալները ծածկագրվում են բացառապես զրուցակիցների հեռախոսների մեջ։ Եվ եթե դուք ուղղակի մուտք չունենաք կոնկրետ մարդու հեռախոսի մեջ, ապա որևէ կերպ հնարավոր չէ գաղտնալսել։ Եվ եթե այդ հեռախոսը iPhone է, ապա դա դառնում է ծայրաստիճան անհնար։
iPhone–ը թանկ է հենց այն պատճառով, որ այնտեղ տվյալների գաղտնիությունը գրագետ օգտվելու պարագայում ապահովված է։ Գրեթե անհնար է երրորդ կողմի համար կոտրել այդ սմարթֆոնի կոդերը, անգամ ամենազոր հատուկ ծառայությունների։ Լուրերից գուցե պատահաբար տեղյակ լինեք, որ Ռուսաստանում ցանկանում էին արգելափակել Telegram–ը, քանի որ այդ մեսենջերի հիմնադիրներ ռուսաստանցի Դուրով եղբայրները հրաժարվեցին դառնալ ՖՍԲ-ի համբալներ։ Նրանք պարզապես լքեցին երկիրը։ Սա էլ ցուցանիշ է, թե ինչպես են երկրները կորցնում իրենց չգնահատված տաղանդավոր զավակներին։
Երբ ՖՍԲ-ի տղերքը հայտնաբերեցին Դուրովին, նա հասկացավ, որ իր հաղորդագրությունները գաղտնալսել են։ Եվ նա պրինցիպի ընկավ ու եղբոր հետ ստեղծեց մի մեսենջեր, որը ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում ամենուր չեն կարողանում գաղտնալսել ու արգելափակել, քանի որ գրեթե անհնար է կոտրել աշխարհի անհայտ անկյուններում տեղակայված սերվերների կոդերը։ Նաև լսած կլինեք, որ աշխարհի ամենափակ երկրներից մեկում' Իրանում անգամ չեն կարողանում արգելափակել ու գաղտնալսել Telegram–ը։ Եթե հանդիպեք իրանցիների, հարցրեք, թե ո՞ր մեսենջերից են օգտվում։
Ինչո՞ւմն է գաղտնիքը։ Բացի Telegram–ից, հաղորդակցության այսօրվա բոլոր էլեկտրոնային միջոցները ծածկագրվում են սերվերներում, իսկ Telegram–ի դեպքում տվյալները շրջանցում են սերվերները։ Երբ երկու մարդ Telegram–ով զրուցում են, տվյալները ծածկագրվում են միայն այդ երկուսի հեռախոսներում վիրտուալ ամպի միջոցով, ուրիշ ոչ մի տեղ։ Եթե օգտատերը ջնջում է տվյալները Telegram–ում, ապա դրանք իսկապս ջնջվում են և ոչ մի տեղ չեն պահվում։ Մինչդեռ մնացած բոլոր մեսենջերներում, այդ թվում' Ֆեյսբուքում, դուք երբեք իրականում չեք կարող ջնջել ձեր տվյալները։ Սա իհարկե չի նշանակում, որ Telegram–ին մի օր չեն կոտրելու, բայց մինչ այսօր դա միակ ռեալ չգաղտնալսվող մեսենջերն է։
Եղեք տեղեկացված ու տեղեկացրեք ձեր շեֆերին։
Հ.Գ. Եթե ուզում եք, որ ձեզ չգաղտնալսեն, իրականում կա ընդամենը մեկ ձև' չխոսել ու չգրել ընդհանրապես։