Եկեք կրկին անձերին առանձնացնենք իրենց պաշտոններից։ Եկեք հասկանանք, որ գաղտնալսվել է ոչ թե Արթուր Վանեցյանը , այլ Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետը։ Կրկնում եմ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ։ Այս ժամանակահատվածում այդ պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Վանեցյանը ու նրա դեմ նման գործողություն կատարելը ուղիղ հարված է Հայաստան պետությանը։
Ընդհանրապես կապ չունի անձը։ Դա կլինի Արթուր Վանեցյանը, թե կլիներ Սերժ Սարգսյանը, Գորիկ Հակոբյանը,Գեորգի Կուտոյանը, Կառլոս Պետրոսյանը, ցանկացած անձ, ով նման պաշտոն է զբաղեցնում արդեն դադարում է զուտ անհատ լինելուց ու նրա դեմ կատարվող քայլերի մեծ մասը ուղղված են պետությանը։
Մենք չենք կարող վստահ լինել , որ այդ նույն անձիք չեն ձայնագրել Սերժ Սարգսյանին՝ պաշտոնավարման տարբեր շրջաններում, չենք կարող վստահ լինել, որ նրանք չեն գաղտնալսել Դավիթ Տոնոյանին և Վիգեն Սարգսյանին, չենք կարող վստահ լինել, որ նրանք չեն գաղտնալսել Կարեն Կարապետյանին, Հովիկ Աբրահամյանին, չենք կարող հավատալ, որ նրանք չեն ձայնագրել ու մեր թշնամիների վրա չեն վաճառել ԳՇ պետերի խոսակցություններ։ Մի խոսքով տվյալ պահին մեր պետությունը գոտկատեղից ներքև հարված է ստացել ու դա իրականում շատ ավելի վատ է , քան մենք կարող ենք պատկերացնել։
Տիկնայք և պարոնայք, խնդիրներ ունեք Վանեցյանի, Փաշինյանի, Խաչատրյանի և այլոց հետ, դա ձեր անձնականն է, դուք մտածեք, թե իրենց հետ ինչպես լուծեք այդ հարցերը, բայց ձեր շահի համար մի հարվածեք պետությանը, մի զբաղվեք պետական գաղտնիք հավաքելով ու հետագայում դրանք չգիտեմ ինչպես օգտագործելով։
Ցանկացած իշխանություն հավերժ չէ, դուք դա շատ լավ զգացել եք, բայց պետությունը հավերժ է։ Դուք ՝ բոլորդ, գալու և գնալու եք, բայց այս հողի վրա կառուցված ու գոյատևած պետությունը մնալու է դեռ դարերով ՝ մեր թշնամիների և ձեր նմանների ինադու։
Աշոտ Ասատրյան