«Քաղաքացիական հարթակ» երիտասարդական, հասարակական նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ռուս պոետի, գրական-հասարակական գործչի՝ Նիկոլայ Նեկրասովի այս խոսքը մեզ համար չէ: Բանաստեղծ ու մանկավարժ, գիտնական ու շինարար, առևտրական ու վարորդ, բանվոր ու գյուղացի, ուսանող ու մարզիկ, դերասան ու բեմադրիչ, երգիչ ու կոմպոզիտոր մենք շատ ենք ունեցել և ունենք, սակայն սոցիալական այս տարբեր խմբերում, տարբեր կարգավիճակներ ունեցող մարդկանց շրջանում քաղաքացի լինելու, այն էլ ազատ քաղաքացի լինելու ցանկություն ու կեցվածք չենք տեսել (բացառությունները չհաշված, որոնք եղանակ չեն ստեղծում):

 

Ռուս հասարակությունը այդպիսին չէ. դեռևս Նեկրասովի ժամանակներից (19-րդ դարակեսից մինչը հիմա) ընդգծված քաղաքացիական դիրքորոշում է ունեցել և ունի: Իսկ մեզանում «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը շրջանառության մեջ մտավ անկախությունից հետո և այն էլ դրամաշնորհային կազմակերպությունների անուղղակի թելադրանքով: Ավելի ուշ, իշխանությունները այդ գաղափարը սեփականացրին և փորձեցին այն իրագործել:

Բնականաբար, տարբեր ժամանակներում հայաստանյան ընդդիմադիր ուժերը, նույնպես, այդ հասկացությունը դարձրին նախընտրական քարոզչական թեմայի մաս: Չենք էլ խոսում արդեն վերջին տասնամյակում գործող իշխանության կողմից ձևավորված և ղեկավարվող բուհական ուսխորհուրդների մասին, որոնք ուսանողության շրջանում քարոզում էին այդ գաղափարը և ուսանողներին ներգրավում տարբեր ակցիաներում՝ քաղհասարակության պատրանք ստեղծելու նպատակով: Տարօրինակն այն է, որ Հայաստանում քաղհասարակություն ասելով հասկանում են բացառապես ուսանողության, երիտասարդության ներգրավումը տարբեր խնդիրներ բարձրաձայնելու հարցում դրսևորած ակտիվությունը: Մինչդեռ քաղաքացի պարտավոր են լինել բոլոր խավերի ներկայացուցիչները:

 

Ցավոք, այդպես չէ: Իշխանության և տարբեր նախաձեռնությունների անդամները անցած տարիներին բազմաթիվ շոու-ակցիաներ են կազմակերպել՝ գոլորշի բաց թողնելու նպատակով: Հիշենք էլէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացված ակցիաները, որոնց սցենարը մշակվել էր Բաղրամյան 26-ում և ճիշտ պահին էլ տրոհեցին այդ բողոքի ակցիաների մասնակիցներին: Կամ՝ դրանից առաջ թատերականացված «Մաշտոցի պուրակ» ակցիան և կամ՝ տրանսպորտի սակագնի դեմ նախաձեռնած բողոքի ակցիան, որը ևս ձևական բնույթ էր կրում: Եթե համարենք, որ մեզանում գրանցած և քաղաքական դաշտում ակտիվորեն գործող ցանկացած կուսակցություն յուրատեսակ աղանդ է, ապա նրանց անդամագրված մարդկանց հազիվ թե կարելի է ազատ քաղաքացի համարել: Այդ շարքերը անպայմանորեն կաշկանդված են իրենց կուսակցությունների կանոնադրությամբ: Հետևաբար չեն կարող ազատ քաղաքացի համարվել: Իսկ անկուակցականներն էլ, ցավոք, դրսևորման դաշտ չունեն:

Ստացվում է փակ շրջան, որտեղ եղանակ ստեղծողը կուսակցությունների ակտիվն է: Կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրը այս կամ այն փուլում կարող է 180 աստիճանով փոխել իր սկզբունքներն ու նպատակները: Սա արատավոր գործելակերպ է, որը հատուկ է բոլոր ուժերին: Եթե կուսակցական շահը պահանջում է դաշինք կնքել սատանայի հետ, ապա կարող են նաև գնալ այդ քայլին: Նման պայմաններում նրանց անդամները ոչ միայն չեն ընդդիմանում, այլև լցվում են իրենց կուսակցությունների նոր «դիրեկտիվներ» կենսագործելուն: Այդպիսի անդամներից սպասել անկեղծություն կամ սկզբունքայնություն՝ միամտություն կլինի: Հետևաբար հայաստանյան քաղակտիվիստներով լեցուն դաշտը գրոշի արժեք չունի, քանի որ փողոցներում ակցիաներ իրականացնելով, ըստ էության, չեն հասնում այն հարցերի լուծմանը, որոնց համար դուրս են եկել փողոց: Հիմնականում այդպես է:

Հիշեցրեք գրանտներով կամ Բաղրամյան 26-ի փողերով բողոքի ակցիայի գոնե մի դեպք, որը դրական արդյունք է արձանագրել: Դատարկվող երկրում քաղհասարակությունը նոնսենս է: Դրա ծաղրապատկերը, այո՛, տեսնում ենք: Սա՛ է իրականությունը: Իսկ թե ե՞րբ կունենանք ազատ քաղաքացի կամ քաղհասարակություն, դժվար է ասել: Առայժմ միայն թնդացնում են «հպարտ քաղաքացի» արտահայտությունը, որը զոմբիացված «մասսան» է: Ինքնախաբեությամբ թող չզբաղվեն: «Հպարտ քաղաքացին» չի կարող սեփական միտքը սպանել ու շարունակել բացառապես հիանալ նոր կառավարիչների գործելաոճով՝ աչք փակելով վերջիններիս թույլ տված աղաղակող սխալների վրա»: