Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան կայցելի: Այս մասին Երեւանում վրացի լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստան–Վրաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների լուրջ վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ Վրաստանն աստիճանաբար վերածվում է թուրք–ադրբեջանական տանդեմի ուղեծրում գտնվող, Աբխազիայի ու Հվ.Օսիայի խնդիրների պատճառով հակառուսական, վառ արևմտամետ, ԵՄ-ՆԱՏՕ ձգտող երկրի, ինչը հայ–վրացական սահման-Հարավային Կովկասում լուրջ պատերազմական գործողությունների պարագայում կարող է վերածել «բաժանարար գծի», ինչը չի կարելի ոչ մի պարագայում թույլ տալ։
Վրաստանի հայամետությունը, ՀՀ–ի հետ բարեկամական հարաբերությունները, հիմնված խորը տնտեսական ինտեգրացիա, քաղաքական երկխոսության վրա Երևանի համար պետք է դառնան ռազմավարական առաջնահերթություն։
Վրաստանի ակտիվ ներգրավվումը Դաշինքի հետ սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ, Վազիանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը, վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում՝ ՀՀ-ի ու ՌԴ-ի սահմանակից շրջաններում, հանգեցնելու են ՌԴ-ի պատասխան արձագանքին: ՌԴ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝ դրանից բխող համապատասխան քայլերով:
Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ ռազմա-քաղաքական դաշնակիցը ՀՀ է, ում տարածքում Մոսկվան ռազմական ներկայություն ունի և ռուսական կողմը փորձելու է ՀՀ-ի շնորհիվ ավելացնել իր ռազմական ներկայությունն այդ տարածաշրջանում, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ: Մոսկվան երբեք թույլ չի տա Դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:
ՌԴ-ը ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը թե ՀՕՊ ուժերով՝ նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝ Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝ սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան:
Ղրիմում գտնվող ուժերի մի մասը այդ պահին կարող են հասնել օգնության: Մյուս կողմից Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:
ՀՀ-ը, որպես ՌԴ-ի դաշնակից ու ՀԱՊԿ-ի անդամ պետք է հնարավորինս զերծ մնա Հարավային Կովկասում նոր բաժանարար, կարմիր գծերի առաջացումից՝ ՌԴ-ՆԱՏՕ բախումից, սակայն դա կլինի բավականին դժվար, հաշվի առնելով նաև ՌԴ-ՀՀ միասնական ՀՕՊ համակարգն ու Մոսկվայի հնարավոր ցանկությունը զորքեր տեղակայել նաև հայ-վրացական սահմանին:
ՀԱՊԿ-ՆԱՏՕ նոր բաժանարար գծերի առաջացումը կարող է հանգեցնել նրան, որ հայ-վրացական հարաբերությունները սկսեն կրել ոչ թե ռազմավարական, բարիդրացիական բնույթ, այլ ՀՀ-ը իր հյուսիսում ունենա մի նոր՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի առկայությունը, հակառակորդ երկիր, ինչի մասին երազում են Անկարայում ու Բաքվում՝ խզել հայ-վրացական բարեկամական կապերն ու Վրաստանը մաս դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ռազմավարությանը Հարավային Կովկասում:
Երևանը պետք է Վրաստանի հետ իրականացնի նոր, էներգետիկ-տրանսպորտային, խոշոր տնտեսական համատեղ նախագծեր, Թբիլիսիին ցույց տա, որ չի դառնալու հակավրացական պլացդարմ Հարավային Կովկասում ու Թբիլիսին չպետք է զգուշանա, թե հարավից հարված կստանա, սակայն դա պետք է արվի այնպես, որ Վրաստանը հավաստիացնի, երաշխիքներ տա, որ ղարաբաղյան նոր պատերազմի պարագայում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում (սահմանակից է ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին) Երևանը հարված չի ստանա, Թբիլիսին կկարողանա վերահսկել այդ շրջանի ադրբեջանցիներին, ինչպես նաև Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթծով թուրքական զորքեր, ռազմամթերք չի տեղափոխվի ղարաբաղյան ճակատ: