Իշխանական թիմը շարունակում է զարմացնել իր կադրային նախասիրություններով։ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում է ընդգրկվել տխրահռչակ Վազգեն Մանուկյանը, ով Թավշյա հեղափոխությունից հետո լայն շրջանակների համար հայտնի դարձավ նրանով, որ, բառիս բուն իմաստով, դիակապտությամբ զբաղվեց Նադեժդա Սարգսյանի մահվան օրը։
 
Հիշեցնեմ, որ քաղաքական մտքի սույն գիգանտն իր արևին սև հումոր էր արել Նադյայի մահվան թեմայով ու հույս հայտնել, որ բոլոր Սարգսյանները պետք է հեռանան։ Հետո նա հեռացրեց գրառումը, հետո հանդես եկավ իբր պարզաբանմամբ, հետո իբր ներողությամբ հանդես եկավ․․․

Իրականում մի մեծ բան չէ, այն առումով, որ, միևնույն է, ցուցակում վերջից 13-րդ տեղը ցանկացած պարագայում անցողիկ չէ։ Խնդիրը կադրերն են։ Ինչպես ասում էր ընկեր Ստալինը, կադրերը որոշում են ամեն բան։ Ու այս համատեքստում հռետորական հարց է առաջանում՝ ի՜նչ կարգի կադրային սով է ՔՊ-ում, որ նախընտրական ցուցակներում, թեկուզև վերջին տեղերով, տեսնում ենք վիրտուալ դիակապտությամբ զբաղվող էակների անուններ։ Մի՞թե 1,5 միլիոնանոց քաղաքում հաղթանակած հեղափոխության թիմը չի կարողանում 150 նորմալ, չպղծված անունով թիմակիցներ հավաքել։