Անահիտ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայրս օգոստոսի 22-ին ինսուլտ ախտորոշմամբ ընդունվեց Երևանի «Աստղիկ» ԲԿ: Բուժող բժշկուհին ներկայացրեց հիվանդի վիճակը, ապա բուժօգնության գինը, համաձայնեցինք, հայրս տեղափոխվեց հիվանդասենյակ: Երկու օր անց հորս վիճակը կտրուկ վատացավ՝ կլման ակտը խանգարվել էր, ինքնուրույն չէր կարող սնունդ ընդունել, նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Վերակենդանացման բաժնի վարիչը՝ Անահիտ Զավենովնան, շաբաթ օրը հիվանդի վիճակը ներկայացնելիս ասաց, որ առողջացման մասին խոսելը, առավել ևս կլման ակտի թեկուզ մասնակի վերականգնման մասին խոսելը դեռ վաղ է ու առնվազն 2-3 շաբաթ պետք է հիվանդը մնա վերակենդանցման բաժանմունքում: Վերակենդանացման բաժանմունքի օրական վճարը 50 000 դրամ է ու երեք շաբաթ անց այն կազմելու էր մոտ 1 մլն դրամ:

 

Հետաքրքրվեցի ՀՀ առողջապահության նախարարությունից, պարզվեց, որ նախարարի 2013թ N 65-Ն հրամանով, սահմանվել է հիվանդությունների ցանկ, որով ախտորոշված հիվանդները անվճար բուժօգնություն են ստանում վերակենդանացման բաժանմունքում: Ցանկում ներառված է նաև ինսուլտը: Գնացի «Աստղիկ» ԲԿ, ադմինիստացիան անվճար բուժօգնությունը բացառելով, ասաց, որ համավճար է գործում, ըստ որի բուժման մի մասը վճարում է հիվանդը, մյուսը՝ պետությունը: Համաձայնեցինք: Սակայն հենց նույն օրը վերակենդանացման բաժնի վարիչն ասաց, որ հորս վիճակը բարելավվել է, կլման ակտը վերականգնվել է ու նրան պատրաստվում են տեղափոխել հիվանդասենյակ: Բուժող բժիշկը հրաժարվեց հորս հիվանդասենյակ տեղափոխել՝ սրտացավորեն պնդելով, որ հայրս դեռ վերակենդանացման բաժանմունքում բուժվելու կարիք ունի: 
Այսինքն հենց պարզվեց, որ բուժման վճարը մասնակի է լինելու, փորձեցին արագ ազատվել հիվանդից. Դրսում այնքան վճարունակ հիվանդ կա…

Հիմա կամ ինձ խաբել են շաբաթ օրը՝ ներկայացնելով, որ վիճակը վատ է ու 2-3 շաբաթ բուժում է պահանջվում, կամ այսօր՝ պնդելով, թե վիճակը լավացել է: Այսինքն կամ ակնկալում էին 1 մլն դրամ կորզել, կամ էլ թքած ունեն հիվանդի վիճակի վրա:

 

Հիմա դիմում եմ ՀՀ առողջապահության նախարար պարոն Arsen Torosyan-ին ու կառավարության ղեկավար մեր սիրելի վարչապետ պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին. արժե՞ արդյոք «Աստղիկ» ԲԿ-ին պետպատվերի փաթեթ տրամադրել, եթե այսպես է վերաբերվում իր շահառուներին»,- գրել է նա: