Ինչպես նշված է դարձերեսին, բացիկը տպագրվել է Ալեքսանդրապոլում գործող «Արագած» գրախանութի պատվերով: Լուսանկարի կենտրոնում՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը կառուցվել է 1860-ականներին՝ Անիի հռչակավոր Մայր տաճարի նմանությամբ։ Եկեղեցու ճարտարապետը և շինարարության ընդհանուր ղեկավարը, ուստաբաշին, Թադևոս Անտիկյանն է եղել, կամ, ինչպես ժողովուրդն էր նրան անվանում, վարպետ Անտիկենց Թաթոսը։ Խորհրդային տարիներին, 1930-ականներին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին փորձել են քանդել, սակայն չեն կարողացել:
Հետագայում, 1960-ականներին, այն վերաշինվել է և սկսել է ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ՝ համերգասրահ։ 1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ եկեղեցին զգալիորեն վնասվել էր և մասամբ փլուզվել, սակայն ներկայումս ամբողջությամբ վերականգնված է իր նախնական տեսքով: