Մինչ հայաստանյան հասարակության ուշադրությունը սևեռված է հիմնականում մեր երկրի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող չափազանց կարևոր մի դրական իրադարձություն։
Նախկին Ադրբեջանական ԽՍՀ թալիշաբնակ շրջաններում 1993թ․ հռչակված և Բաքվի բռնապետական վարչակարգի բռնի միջամտության արդյունքում տապալված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ, ներկայումս Հոլանդիայում քաղաքական ապաստան ստացած Ալաքրամ Հումմաթովն այս տարվա հուլիսի 9-ին հրամանագիր է ստորագրել ստեղծելու Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարություն, իսկ հուլիսի 16-ի հրամանով հաստատել է դրա նախարարների կազմը։
Վտարանդի կառավարության շրջանակներում Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվել է 2017թ․ Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզաևը, որն արդեն սկսել է կառավարության ծրագրի կազմումը։
Ուշագրավ է, որ այդ ծրագրում նախատեսվում է հատուկ շեշտադրել մի շարք ոլորտներում հայ-թալիշական գործակցության կարևորությունը, ինչի կապակցությամբ առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական մամուլում վերջերս հրապարակված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահի հարցազրույցում։