Հազարամյակների ընթացքում անթիվ-անհամար ազգեր ու երկրներ են առաջացել, ապա անհետացել՝ սուզվելով դարերի խորքը։ Նշել այն երկիրը, որն աշխարհում ամենահինն է, իսկապես անհնար բան է, բայց փոխարենը կարող ենք հեշտությամբ ասել, թե որոնք են աշխարհի 10 ամենահին երկրները։
The Culture Trip պարբերականը հոդված է հրապարակել աշխարհի հնագույն երկրների ու քաղաքակրթությունների մասին՝ ցանկում ներառելով Հայաստանը։
Հայաստանի մասին հոդվածում նշվում է․ «Ինչպես հրեաները, հայերը ևս աշխարհում հայտնի են իրենց մեծ սփյուռքով։ Այնուամենայնիվ, հայերն ու Հայաստանը գոյություն են ունեցել առնվազն 2600 տարի առաջ՝ առաջին անգամ հիշատակվելով մ․թ․ա․ 6-րդ դարի գրություններում։ Հայաստանի այժմյան մայրաքաղաք Երևանն էլ հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին։ Բացի այդ՝ հայերը նաև աշխարհում առաջին ազգն են, ովքեր քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեցին որպես պետական կրոն 301 թվականին, և այդ պատճառով էլ մինչև օրս երկրի բնակչությունն ու մշակույթն ամուր կապերով կապված են սեփական Հայ առաքելական եկեղեցուն։ Հայերը հրեաների հետ ևս մի նմանություն ունեն․ ցեղասպանությունը՝ իրագործված Օսմանյան կայսրության կողմից 1915-17 թվականներին»։
Հայաստանի հետ մեկտեղ բազմահազարյա պատմություն ունեցող երկրներ են համարվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան և Եգիպտոսը։