Հիշում եք չէ՞ «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը…Հիշեցի՞ք Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի էկրանավորումը…


Վերհիշեք այն տեսարանը, երբ աժդահա, ֆիզիկապես ուժեղ, բարձրահասակ Սամսոնը բարձրացնում և պատրաստվում է ցած նետել, պատժել կարճահասակ, ֆիզիկապես ոչ ուժեղ Գասպարին: Գասպարը խորամանկելով, օգտագործելով Սամսոնի ազնվությունը նրա ականջին ասում է. «Ինձ մի խայտառակիր տղաներիս առաջ, հասկանում ես օրինակ պետք է լինեմ նրանց…Դժվար է տղաների հայր լինելը, չեմ կարողանում գլուխ հանել…»: Եվ համոզում է նրան, ապտակում և ցույց տալիս, որ հաղթեց:


Հիմա ստեղծված իրավիճակում, և հատկապես ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտնի հայտարարությունից հետո, Փաշինյանը փորձում է նման մի իրավիճակ խաղալ կամ ցուցադրել…


Նա օգոստոսի 17-ին ուժերի ստուգատես է անցկացնում և փորձում ինչ-որ բան հասկացնել Ռուսաստանի իշխանություններին և ինչու չէ ներքին ընդիմադիր ուժերին: Թե տեսե՛ք, ողջ հայ ազգն է հետս, թիկունքիս կանգնած…


Բայց չեմ կարծում, որ հայկական, արդեն բազմիցս չարդարացրած, վարկաբեկված գավառական շուստրիությամբ կամ մկանների պարզունակ ցուցադրությամբ, կամ այլ կերպ կարելի է խոսել Ռուսաստանի հետ, այն էլ Հայաստանին…


Ծայրահեղ ազգայնական, մանկամիտ ու ոչ իրատեսական գնահատականներով վայնասուն բարձրացնողները, զոմբիացած սեգմենտը թող հիշեն մեր սահմանները, արցախյան հիմնախնդիրը, ռուսական զենքն ու զինամթերքը, գազն ու էլեկտրաէներգիան, Ռուսաստանում ապրող և աշխատող՝ մեզ սնող, պահող հայերին, հարազատներին, մեր արտադրանքը, գյուղ մթերքը գնող ռուսներին…Եվ առհասարակ…


Ի վերջո Ռուսաստանը Սամսոնը չէ, որ Գասպարի տված կուտն ուտի…Ռուսաստանը եվրոպաների և ամերիկաների կուտը չի ուտում, առայժմ ինքն է կտահարում և կարծես հաջողությամբ…


Մեզ հիմա՝ առավել քան երբևէ, ճկունություն, խելամտություն, խոհեմություն, միասնականություն է պետք….Մենք չենք կարող հիմա «Տժվժիկի» Ներսես աղբարի նման «թոքը» շպրտել ռուսների երեսին…


Աստված ոչ անի էլի հետագայում սկսենք խոսել հայի հետին խելքի մասին…

 

Ռոբերտ Մելքոնյան