Ցանկացած մարդու կյանքում լինում են բարդ երկընտրանքներ, երբ պետք է կա՛մ կայացնել բախտորոշ որոշումներ, կա՛մ հանձնվել։ Այնպես է ստացվել, որ անձամբ ինձ ու իմ թիմի համար այդպիսի բախտորոշ որոշում է ծառացել, և այն կայացվել է։

 

Հազար անգամ այս ֆրազը կրկնվել է ու ծեծվել, բայց իսկապես իրողություն է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և այլևս անհնար է պասիվ ու իներտ մնալ թե՛ որպես անհատ, թե՛ որպես մեդիա ռեսուրսի ղեկավար։ Պետք է խոստովանեմ, որ բավականին բարդ խոսակցությունների շղթա եմ ունեցել հոլդինգի ղեկավարության հետ, որի արդյունքում ինձ համար վերջնականապես պարզ է դարձել, որ այսուհետ անհնար է մնալ այն պայմանավորվածությունների ծիրում, որոնց հիման վրա BlogNews.am-ը 2015 թվականին PanArmenian Media Group-ի մաս կազմեց, մյուս կողմից էլ ծայրաստիճան մշուշոտ ու անհասկանալի են կայքի ու իմ թիմի հեռանկարները հոլդինգի կազմում։

 

BlogNews.am-ն ի սկզբանե ստեղծված է եղել ազատ խոսքի հիմնաքարային սկզբունքի շուրջ, այն պետք է լիներ ու եղել է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է հնարավորություն ունենար արտահայտելու իր կարծիքն ու տեսլականը, մոտեցումներն ու պատկերացումները, անգամ եթե դրանք պոպուլյար չէին հանրության որոշ շերտերի համար, անգամ եթե դրանք մասամբ կամ էլ ամբողջովին հակասում էին խմբագրակազմի պատկերացումներին ու հայացքներին։ Ցավոք սրտի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ գնալով անհնար է դառնում պահպանել այս սկզբունքը՝ հոլդինգի կազմում լինելով։ Ավելին ասեմ՝ գնալով անհնար է դառնում, առհասարակ, որևէ հոդաբաշխ խմբագրական քաղաքականություն վարելը։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում զուտ ժամանակի հարց է, թե երբ PanArmenian Media Group-ը կդադարի հանդիսանալ առանձին սուբյեկտ։

 

Որպեսզի տարընթերցումներ չլինեն, անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ ինձ համար BlogNews.am-ը երբեք չի հանդիսացել ու չի հանդիսանալու զուտ աշխատավայր, զուտ ինչ-որ աշխատանք, որի համար ես վարձատրվում եմ ու իմ հանապազօրա հոգսերն եմ հոգում։ BlogNews.am-ի մեջ ես ու իմ ընկերները դրել ենք հոգի, ջանք ու եռանդ և մեր կյանքի տարիները (իմ պարագայում՝ գրեթե 7)։ Ես չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ մեր բազմամյա չարչարանքների արգասիքը պետք է խորտակվի, իսկ ես ու իմ թիմը պետք է հլու-հնազանդ հետևենք այդ պրոցեսին ու հանկարծ որևէ կերպ չփորձենք հակազդել այդ ամենին։

 

Շարունակելով անկեղծ լինել՝ պետք է ասել, որ հավանաբար հեշտ չի լինելու, և նման որոշումը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, այդ թվում՝ ֆինանսական։ Սակայն դա մեզ համար նոր չէ․ վերջիվերջո, երբ նոր էինք սկսում, կարելի է ասել, որ մի ինչ-որ ժամանակ աշխատում էինք, բառիս բուն իմաստով, վնասով, ու վստահ եղե՛ք՝ ոչ հանուն աշխատավարձի։ Իհարկե, անհամեմատ ավելի հեշտ է ֆինանսական տեսանկյունից, երբ խոշոր մեդիա-հոլդինգի անդամ ես, բայց, ի տարբերություն 2012 թվականի, 2018 թվականին BlogNews.am-ն ինքնուրույն նավարկության է դուրս գալիս արդեն ոչ թե որպես նոր կայացող ստարտ-ափ, այլ որպես խոշորագույն մեդիա ռեսուրս ու միանգամայն կենսունակ կլինի որպես ինքնուրույն ու ինքնաբավ միավոր։

 

Այսպիսով՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ BlogNews.am-ը սկսում է PanArmenian Media Group-ից դուրս գալու գործընթաց և ես այսուհետև կհանդիսանամ ոչ միայն կայքի համահիմնադիր ու գլխավոր խմբագիր, այլև կլինեմ դրա միակ սեփականատերը։ Այժմ իրավական ու ֆինանսական պրոցեդուրաներն ընթացքի մեջ են, և դրանք ավարտելուց հետո մենք ասպարեզ դուրս կգանք ավելի թարմացված, ավելի ազատ, ավելի համարձակ ու մեզ կաշկանդող կապանքներից ազատված տեսքով։ Նշեմ, որ կայքը շարունակելու է իր բնականոն գործունեությունն այս ընթացքում, և մեր ընթերցողը որևէ անհարմարություն չի կրելու այս պրոցեսների ընթացքում և վստահ եմ՝ միայն գոհունակություն է զգալու արդյունքներից, որովհետև մենք կրկին լինելու ենք այն, ինչ կոչված էինք լինել ու ինչի հաշվին կայացել ենք որպես ինստիտուտ ու մեդիա դաշտի առանցքային խաղացող։

 

Դե ինչ, ի գործ։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան