Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily պարբերականին տված հարցազրույցում կարևոր շեշտադրումներ է արել Նախիջևանի առնչությամբ: Նա ասել է. «Ադրբեջանական զորքերի կուտակումների և ակտիվացման մասին հաղորդագրությունները և նման գործընթացներ նկատվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես Նախիջևանի ուղղությամբ: Ադրբեջանի վարքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»: Սա կարևոր է այն իմաստով, որ տարիներ շարունակ մեր պաշտոնատար անձինք հիմնականում խուսափում էին անմիջապես Նախիջևանին վերաբերող հարցերի շուրջ խոսել:
Դավիթ Տոնոյանն այսպես է շարունակել. «Հատկապես մտահոգությունների տեղիք է տալիս ադրբեջանական զորքերի ակտիվացումը Նախիջևանի ուղղությամբ, որտեղ մինչ օրս համեմատական հանգիստ էր տիրում: Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կազդի նաև տարածաշրջանային մյուս խաղացողների վրա: Այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողական բնույթը, չեմ ցանկանում, որպեսզի ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, որ Հայաստանը խաղաղություն խնդրող է»: Ինչպես հստակ նշում է նախարարը՝ հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր ունեցած ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային դիմադրություն ցույց տալու համար:
Հայտնի փաստ է, որ մինչ 1920-ին Հայաստանի անկախության կորուստը Նախիջևանի երկրամասը Հայաստանի անբաժան մասն է հանդիսացել, և դրանից հետո չկա միջազգային իրավական նորմերին համապատասխանող որևէ փաստաթուղթ, որը որ կամրագրի ներկայիս Նախիջևանի հանրապետության ենթակա լինելը անկախ Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, սա կարևոր հարց է, որը հայկական կողմը պետք է բարձրացնի, քանի որ մեր տարածաշրջանում հնարավոր չէ լիարժեք և վերջնական խաղաղության հասնել առանց Նախիջևանի հարցի համապարփակ և բազմակողմանի իրավական լուծման:
Կարևոր է նաև հստակ ուրվագծումը, որ եթե հանկարծ ոտնձգություն լինի Նախիջևանի տարածքից Հայաստանի ուղղությամբ, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանն իր այդ արկածախնդրության մեջ է ներքաշում նաև Թուրքիային, որն ի դեպ ներկայումս գտնվում է երկակի վիճակում՝ մի կողմից այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Այդ առումով նախարարը նշում է. «Հայաստանի համար անհանգստության հիմնական աղբյուրը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական դաշինքն է: Տվյալ դաշինքի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության դեմ: Անկասկած, նշված երկու երկրների համագործակցությունը սպառնալիք է մեզ համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացահայտ կերպով Հայաստանին սպառնում է պատերազմով, իսկ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Բաքվի ռազմատենչ մտադրությունների իրագործմանը»:
Ռուբեն Շուխյան