Դեռ ամիսներ առաջ, երբ Հայաստանի քաղաքացիները դեռ այսքան հպարտ չէին, ոչ էլ սիրո ու հանդուրժողականության ոգով էին պարուրված, Տավուշի մարզում էլի անհանգիստ էր, որովհետև դեռ այն ժամանակ բեսպրեդել իրականացնելու իրենց իրավունքի համար ձայն էին բարձրացրել հպարտ անտառագողերը։ Փաստարկներն էլ նույնն էին․ բա տուն ենք պահում, բա աղքատություն, բա աշխատատեղ, բա էդ խեղճ մարդիկ ոնց տները տաքացնեն, բա մեր անտառն ա՝ ինչ ուզենք կանենք։
Հիմա՝ ամիսներ անց, իրավիճակը կրկնվում է ու պորտաբուծության ու վնասարարության լավ սովորած հպարտ անտառագողերը կրկին իրենց (հակա)քաղաքացիական դիրքորոշումն են արտահայտում՝ փակելով ճանապարհը։ Պահանջն էլ նույնն է՝ մի խանգարեք անտառի հերն անիծել։ Ու զավեշտալին այն է, որ փաստարկներն էլ նույնն են, ենթադրում եմ՝ գործող անձինք ու հրահրողներն էլ։
Ինչպե՞ս կարելի է լուծել այս թնջուկը։ Չեմ կարծում, որ բնապահպանական կազմակերպությունների վրա կարելի է հույս դնել; Դրանց մեծ մասը հիմա Ամուլսարի հանքի հերն անիծելու զակազով է խառը (դե հա, նաղդ հերն անիծվող անտառը էդքան կարևոր չէ, ինչքան տեսականորեն հերն անիծվող անտառը)։ Մյուս բնապահպաններն էլ, որոնք փորձում են ինչ-որ բան անել, ակնհայտորեն չեն կարողանում հայեցի զոռբայության ու անպատժելիությունից խենթացածության դեմն առնել։ Հանուն արդարության, պետք է նշեմ, որ թերևս մենակ Բարսեղյան Հայկենք են փորձում ինչ-որ կերպ դեմներն առնեն, էն էլ չեն կարողանում՝ անտառագողերը ռեժիմով տփում են։
Ինչպե՞ս կարելի է լուծել այս թնջուկը։ Ըստ իս՝ շատ պարզ ու կտրուկ․ պետությունը՝ ի դեմս ոստիկանության ու այլ պատկան մարմինների, պետք է շատ կոշտ ու ռեպրեսիվ միջամտություն ունենա այս հարցում։ Հայկական զոռբայության պրոֆիլակտիայի վրա ոչինչ այդքան արդյունավետ ազդեցություն չի ունենում, որքան ցուցադրական պատիժը․ եթե մի երկու անտառագող ռեալ սռոկ ստանա ու բնությանը պատճառած վնասը փոխհատուցվի նրա ունեցվածքի հաշվին, ապա այս խնդրի մասշտաբները անգամներով կնվազեն։
Ու խնդրում եմ չնվնվալ ու հեքիաթներ չպատմել աշխատատեղերի բացակայության ու օգոստոսի նախաշեմին տուն տաքացնելու համար անհրաժեշտ ցախի մասին։ Անտառագողությունը այդ կողմերում արդյունաբերական մասշտաբների վրա դրված սև բիզնես է, ու ամենահասարակ անտառագողի միջին ՕՐԱԿԱՆ եկամուտը 50-60 հազար դրամ է կազմում և բնավ էլ զարմանալի չէ, թե ինչու ուրիշ գործ անել չեն ուզում։ Նախորդ իշխանությունների ժամանակ այս խնդիրը գրեթե լուծվել էր ու բանը հասել էր արդեն պատիժների անցնելուն, երբ լրիվ անհասկանալի ու անտրամաբանական որոշում եղավ Կառավարության կողմից ու անտառագողերի դեմն առնելու պրոցեսսը խոտանվեց։ Հուսանք, որ նոր իշխանություններին ոչինչ չի խանգարի զոռբեքի ու անտառագողերի ախորժակները զսպելու և արդար ու օրինական վաստակին վերադարձնելու հարցում։
Դուխո՛վ
Կոնստանտին Տեր-Նակալյան