Ոչ, սա Դուբայը չէ, սա ընդամենը «դուբայացված» Երևանի մի հատվածն է: Ավելի ստույգ՝ ներկայիս Պուշկինի և Տերյանի փողոցների արդեն նախկին պատմական խաչմերուկը, որը հասցրել են բոլոր չորս կողմերից բառացիորեն այնպես իրար կպած նորակառույցներ տնկել, որ անգամ մայթերի համար տեղ չի մնացել: Այնինչ այստեղ դեռևս տարիներ առաջ կանգուն էին 18-19 դարերի և 20-րդ դարասկզբի շենքեր, այդ թվում՝ հանրահայտ Աֆրիկյանների տունը, և այդ ամենը ոչ թե պետք էր այդպես հիմնահատակ ոչնչացնել, այլ ընդամենը՝ փուլ առ փուլ, ժամանակի ընթացքում վերակառուցել՝ ստեղծելով զբոսաշրջիկների համար մի գրավիչ քաղաքային պատմական միջավայր:


Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը իրավացիորեն նշում է. «Հին շենքերի քանդելը Երևանի պատմական կենտրոնում՝ իրոք անդառնալի կորուստ է մեզ համար: Հատկապես Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ Երևանը կորցրեց 18-19 դդ. քաղաքային կառուցապատման մի ամբողջ շերտ: Հիմա քաղաքում հատ ու կենտ շենքեր են միայն մնացել՝ թերևս Աբովյան փողոցի շատ փոքր հատվածում է դա զգացվում: Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք»:

Ռուբեն Շուխյան