Կանադահայ դերասան և հասարակական գործիչ Արսինե Խանջյանը հույս ունի, որ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաև ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը: Այս մասին նա ասաց՝ պատասխանելով LGBTnews-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի նոր քաղաքական իրավիճակում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների խնդիրների լուծման առնչությամբ:

«Ես հուսով եմ, որ այդ հարցը կլուծվի, որովհետև նոր Հայաստանը նոր մոտեցումներով է վերաբերվում իր ժողովրդին, իր ազգին: Հույս ունեմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ օրենքները փոխվեն ու մարդկանց մտածելակերպը փոխվի, դաստիարակվի»,- նշեց նա:

 

Արսինե Խանջյանն այս հարցում կարևորեց նաև քաղաքացիական կառույցների դերը՝ նշելով, որ այդ հարցը պետք է թափանցիկ ձևով ներկայացվի. «Հույս ունեմ, որ քաղաքացիական հաստատությունները կկարողանան ավելի զորավոր կերպով պետությանը դիմել՝ առանց վախենալու, որովհետև վախը տգեղ երևույթ է ցանկացած ժողովրդի, հատկապես հայության համար»:

Դերասանը նշեց, որ ինքը ԼԳԲՏԻ մարդկանց դիտարկում է իբրև բոլոր մյուս քաղաքացիներին հավասար անձանց, որոնք իրավունք ունեն ազատ ապրելու իրենց միջավայրում, իրենց ժողովրդի մեջ՝ չթաքցնելով իրենց ինքնությունը:

«Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, չպետք է տառապեն, ինչպես տառապում են, պախարակվեն, ինչպես պախարակվում են, որովհետև ինձ համար նրանք նորմալ մարդիկ են` ամեն մարդու պես, եթե ընդունում ենք, որ որևէ անձ նորմալ է: Բոլորս էլ պետք է նույն իրավունքներն ունենանք»,֊ ասաց դերասանը։

Խանջյանը կարծիք հայտնեց, որ ժամանակակից աշխարհում մարդկանց իրավունքները սահմանափակելն անթույլատրելի է. «Մարդու իրավունքները սահմանափակելը, վատ ձևով վերաբերվելը կամ կրոնական պարտադրություններ մեջտեղ բերելը մեզ կհասցնի դարավոր անցյալի իրողություններին: Մենք ապրում ենք 2018 թվականում, որտեղ մեզ ուզում ենք ներկայացնել որպես առաջադեմ մշակույթի կրող»:

 

Խանջյանը նշեց, որ այն խոսակցությունները, թե ԼԳԲՏԻ իրավունքների մասին խոսելն օտար ազդեցությունների հետևանք է, տգիտության արտահայտություն են. «Այդ մարդկանց ես անձնապես քննադատում եմ, որովհետև նրանք հարգանք չունեն սիրո և անկախ ինքնության հանդեպ»։