Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, առանց չափազանցության՝ ամոթալի է՝ անհարիր առաջին քրիստոնյա ժողովրդին, ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկին:
Առանց ծավալվելու՝ ով ում դեմ և ինչի համար է պայքարում, առանց ճիշտ ու սխալ պարզելու՝ միանշանակ է մի բան՝ այս խայտառակությանը պետք է վերջ տալ, օր առաջ վերջ տալ, քանի որ կաթողիկոսի դեմ իրականացվող ամեն նոր բողոքի գործողություն իր դրսևորումներով ավելի ամոթալի և անպատվաբեր է առաջին հերթին հայ հոգևորականության համար, եկեղեցու համար. ի վերջո անհատները գնացող են, մնայուն է եկեղեցին, նրա համբավը:
Անհերքելի է՝ եկեղեցին անկախ կառույց է, պետությունը չպետք է միջամտի ներեկեղեցական քաշքշուկներին, բայց անհերքելի է նաև, որ ՀՀ յուրաքանչյուր հավատացյալ քաղաքացու,հավատացյալ հայի համար առնվազն տհաճ է, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ: Այն, որ եկեղեցի-հասարակություն կապը վերջին 2 տասնամյակների ընթացքում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով էականորեն խարխլվել էր, ավիճելի է: Անվիճելի է նաև, որ Եկեղեցին՝ իր մի շարք բարձրաստիճան հոգևորականներով, առաջնորդով հանդերձ իր բարի անունը սեփական հոտի առջև վերականգնելու խնդիր ունի, և պետք է վերականգնի ինքնուրույն, բայց հավատացյալ համայնքի խոշորացույցի ներքո՝ հաշվի առնելով դարեր շարունակ ժողովրդին առաջնորդելու պատմական իրողությունը, նաև արդեն պետականությունը վերականգնած Հայաստանն առաջին քրիստոնյա երկիր-ուխտավայրի վերածելու հեռանկարը:
Վերոնշյալ և առկա մի շարք այլ համակարգային խնդիրներ կարգավորման հրամայականի առջև են՝ հատկապես Հայաստանում առկա նոր իրողությունների պայմաններում: Հրամայական է, որպեսզի հայ եկեղեցու առաջնորդը, հոգևորականության բարձր դասը, ամեն օր իր հավատացյալների հետ շփվող հոգևորականը լինի անբասիր, օրինակելի, վստահելի.միայն այդ կերպ հնարավոր կլինի խուսափել այն փորձություններից որն արդեն տևական ժամանակ ապրում է Հայոց Եկեղեցին:
Գուցե, արտաքուստ վերամբարձ են հնչում պահանջները հոգևոր առաջնորդներից, գուցե պետք է հաշվի առնել, որ հոգևորականին ևս երբեմն բնորոշ է սովորական մարդուն յուրահատուկ առավելություններն ու թուլությունները, ցանկություններն ու մոլուցքները, բայց և, այնուամենայնիվ, և առաջին հերթին չպետք է մոռանալ, թե ինչ կառույց են ներկայացնում և ինչ կոչում ու առաքելություն ունեն նրանք՝ արդեն մանկավարժի, դատավորի կողքին օրենքի, հավատքի, սիրո և համերաշխության վրա հիմնված պետություն ու հասարակություն կերտելու ճանապարհին:
Հ.Գ. Ի վերջո, չպետք է մոռանալ՝ այս աշխարհում ցանկացած իշխանություն ժամանակավոր է, ոչ լիարժեք, կատարյալ է միայն Աստծո արքայությունը, որն այս աշխարհում չէ...
Եվ ինչպես կասեր իմ կողմից անչափ հարգված Վարդապետը, բարձրաստիճան հոգևորականը, հայրապետը պետք է մյուսներից տարբերվող՝ անսահման հավատք և մեծ պատասխանատվություն ունենա՝ գիտակցելով մի օր Աստծու առջև կանգնելու և բոլորից տարբերվող պատասխանատվություն կրելու հանգամանքը:
Արմեն Պետրոսյան