Պետությունը սենց են կառուցում...
Որպես կանոն, Իսրայելի քաղաքական վերնախավի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը իրենց զինվորական ուղին անցել են մասնավորապես Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) այսպես կոչված էլիտար (հատուկ նշանակության, մարտական) զորամասերում (Իսրայելում «էլիտար ստորաբաժումներ» ասելով նկատի են առնվում այն զորատեսակները, որոնք իրականացնում են արտակարգ կարևորության և բարձր պատասխանատվություն պահանջող մարտական գործողություններ և խնդիրներ. էլիտար զորքեր են համարվում նաև Իսրայելի ռազմաօդային ուժերը)։
Էլիտար զորամասերում զինծառայությունը Իսրայելում և հրեության շրջանում ընկալվում է՝ որպես յուրաքանչյուր հրեայի համար հնարավորություն իր հայրենասիրությունն ու նվիրվածությունն արտահայտելու հայրենիքի և համայն հրեության նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում պատրաստակամ լինելով զոհաբերելու անգամ սեփական կյանքը։ Իսրայելական բանակի էլիտար զորամասերի մեջ առանձնանում է դեռ 1957թ. ստեղծված և ԻՊԲ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության ենթակայության տակ գործող «Սայերեթ Մատքալ» հատուկ նշանակության զորամասը, որն օժտված է մարտական խնդիրներ կատարելու նաև Իսրայելի սահմաններից դուրս։ Այս զորամասի ծառայածներից շատեր հետագայում դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական-ռազմական գործիչներ։ Այդ զորամասում ծառայածների մեջ մեծ է նաև հայրենադարձ հրեաների և կանանց թիվը։
Դրա նշանավոր հրամանատարներից է եղել փոխգնդապետ Յոնաթան Նեթանյահուն՝ Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավագ եղբայրը, ով զոհվել է 1976թ. իր անմիջական հրամանատարության ներքո, երկրից դուրս իրականացվող պատանդների ազատարձակման մի գործողության ընթացքում։ Այլ նշանավոր հրամանատարներից են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը (1999-2001թթ.), «ՑԱՀԱԼ»-ի (Իսրայելի զինված ուժերը միջազգայնորեն հայտնի է նաև «ՑԱՀԱԼ» անվանումով, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Իսրայելի պաշտպանության բանակ») Գլխավոր շտաբի պետ Մոշե Յաալոնը (2002-2005թթ.) և այլոք։