Վերջին առնվազն 1 ամսվա ընթացքում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Սիրիայի միաժամանակ մի քանի հատվածներում: Կառավարական ուժերն արտաքին հովանավորների՝ հատկապես ՌԴ ՊՆ տարաբնույթ ստորաբաժանումների աջակցությամբ աստիճանաբար վերականգնում են վերահսկողությունը միաժամանակ մի քանի ուղղություններով՝ նախ երկրի հարավային և հարավ-արևմտյան, ապա նաև՝ հյուսիսային և հյուսիս-արևելյան նահանգներում:
Հարկ է նշել, որ առաջին ուղղությամբ՝ Հորդանանին և Իսրայելին սահմանակից շրջաններում առավելապես գերակայում են ակտիվ ռազմական բաղադրիչի առկայությամբ գործընթացները՝ հետևյալ տրամաբանությամբ՝ համակողմանի հուժկու գրոհ կառավարական ուժերի և ՌԴ ՌՕՈՒ-ի կողմից, որին հաջորդում են ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունները հակամարտ կողմերի միջև: Բանակցությունների արդյունքում հիմնականում ընդդիմադիր խմբավորումները թողնում են իրենց վերահսկած շրջանները, դրանց անդամների մի մասը վայր է դնում զենքը, վերադառնում քաղաքացիական կյանքի, իսկ առավել անզիջում զինյալներն իրենց զենքով և ընտանիքի անդամների հետ տեղափոխվում են դեպի տարաբնույթ հակակառավարական խմբավորումների կողմից ամբողջովին վերահսկվող հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգ:
Վերոնշյալի համատեքստում, կառավարական ուժերն արդեն իսկ մեծամասամբ ազատագրել են Հորդանանին սահմանակից Դարաա նահանգը, իսկ Իսրայելին սահամանկից Կունայտրա նահանգի վերաբերյալ ընթանում են ակտիվ ստվերային բանակցություններ՝ դարձյալ Մոսկվայի միջնորդությամբ, որի ամենախնդրահարույց թեման սիրիա-իսրայելական սահմանի մերձակայքում իրանական ազդեցության կառույցների, ինչպես նաև՝ լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպության ներկայության բացառումն է:
Ի տարբերություն հարավային ուղղության՝ հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Թուրքիային և Իրաքին սահմանակից քրդաբնակ շրջաններում գործընթացներն ընթանում են խաղաղ՝ բանակցային հունով: Նախ Եփրատից արևմուտք՝ Մանբիջում և հարակից շրջաններում առկա խնդիրները լուծվում են թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում՝ շրջանի նկատմամբ համատեղ վերահսկողություն սահմանելու ուղեգծի շրջանակներում: Իսկ Եփրատից արևելք՝ Ռակկա և Հասաքա նագանգներում նաև Մոսկվայի միջնորդությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Դամասկոսի և ԱՄՆ-ի հովանավորյալ «Սիրիական դեմոկրատական ուժերի՝» հատկապես դրանց քրդական ստորաբաժանումների՝ «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» միջև:
Արդյունքում, անշուշտ, որոշակի դժվարությամբ, այսուհանդերձ, քրդական կառույցներն աստիճանաբար թույլատրում են կառավարական ուժերին վերադառնալ և փորձել համատեղ վերահսկել առանձին շրջաններ, բնակավայրեր: Սահմանակետերում պետական նշանակության օբյեկտերում քրդականի կողքին տեղակայվում են նաև ՍԱՀ պետական դրոշը, հեռացվում են Թուրքիայի և մի շարք այլ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդստանի բանվորական կուսակցության» առաջնորդներից Աբդուլլահ Օջալանի նկարները և այլն:
Սիրիայում հակամարտային իրավիճակի հանդարտեցման և խաղաղ կարգավորման գործընթացին էականորեն կարող են նպաստել արդեն մոտ օրերս նախանշված նախ Հելսինկիում կայանալիք Դ. Թրամփ-Վ.Պուտին, ապա Թեհրանում՝ Աստանայի ձևաչափի մասնակից երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումները: Կասկածից վեր է, որ առնվազն կարճաժամկետ հեռանկարում սիրիական հակամարտության շրջանակներում նկատվելու են որոշակի խնդիրներ՝ հատկապես Սիրիայի տարածքում արտաքին դերակատարների ներկայության հետ կապված, իսկ վերջինի համատեքստում իրավիճակի սրացման միտումներ առկա են մասնավորապես Թուրքիայի և Իրանի հետագա դերակատարության առնչությամբ:
Արմեն Պետրոսյան