Արդեն ավարտված ուսումնական տարվա ընթացքում ուսանողներին ամենից շատ հետաքրքրած 2 հարցերից մեկը վերաբերում էր Իրանի միջուկային ծրագրի հետ կապված զարգացումների հնարավոր սցենարներին ու ժամանակային սահմաններին:
Իմ կարծիքով՝ հատկապես ընթացիկ տարվա սկզբից Իրանի դեմ ակտիվացած ամերիկաիսրայելական նոր համատեղ ծրագրի (այն բովանդակային նոր շրջափուլ մտավ Վաշինգտոնի կողմից մայիսի կեսերին միջուկային համաձայնագրից միակողմանիորեն հրաժարվելու արդյունքում) հեղինակները նպատակադրվել են խնդիրը լուծել մինչև Դ. Թրամփի նախագահության առաջին շրջանի ավարտը՝ 2020թ. վերջ: Նշվածի տրամաբանությունն այն է, որ Իսրայելի անվտանգությանը ներկայումս սպառնացող ամենաառանցքային հիմնախնդիրն առավել արդյունավետ կլինի լուծել ԱՄՆ-ի՝ բոլոր ժամանակների ամենաիսրայելամետ նախագահի կառավարման շրջանում՝ ձգտելով խուսափել հնարավոր անորոշությունից՝ պայմանավորված նախագահի հերթական ընտրություններով և դրա հնարավոր արդյունքներով:
Իսկ խնդրի հնարավոր կարգավորումը ներկայումս առկա իրողությունների պայմաններում առավելապես ենթադրում է 3 հիմնական սցենար՝ 1 ռազմական և 2 քաղաքական:
1. Հնարավոր ռազմական սցենարը կարող է իր բովանդակությամբ նման լինել «արաբական գարնան» շղթայի մասը կազմած լիբիական տարբերակին՝ հիմնականում արտաքին լուրջ հրահրման հետևանքով ներքաղաքական ճգնաժամի խորացում, որին հաջորդելու է արտաքին ռազմական միջամտությունը մինչև ցանկալի արդյունքի արձանագրումը: Հարկ է նշել, որ ներկայումս բավական ակնհայտ կերպով ուրվագծվող այս սցենարը հղի է նաև կողմնակի հակադարձ հետևանքներով հատկապես Իսրայել պետության համար:
2. Քաղաքական սցենարներից առաջինը ենթադրում է Թեհրանին նոր համաձայնագրի պարտադրում, որը պետք է էականորեն սահմանափակի նախ՝ Իրանի միջուկային ծրագիրը, ապա՝ նրա հրթիռաշինության ոլորտը և, իհարկե, տարածաշրջանային հիմնախնդիրներին ակտիվ ներգրավվածությունը. իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը ներկայումս այնքան էլ իրատեսական չէ:
3. Խնդրի՝ եթե ոչ վերջնական կարգավորման, ապա գոնե դրա ժամանակային սահմանները հետաձգելուն միտված հնարավոր սցենար կարող է արձանագրվել Իրանի իշխանությունների կողմից առաջանցիկ քայլեր նախաձեռնելու քաղաքականության արդյունքում, որը կարող է ենթադրել երկրում առկա կառավարման համակարգի խորքային փոփոխման գործընթաց, քաղաքացիական ազատությունների և իրավունքների ընդլայնում:
Իսկ թե իրականում ինչպիսի տարբերակով (չի բացառվում նաև նշվածներից տարբերվող ընթացքով) կծավալվեն գործընթացները, կանխատեսելի կլինի արդեն կարճաժամկետ հեռանկարում: Եվ ինչն է հատկապես կարևոր, որ Իրանի դեմ ծրագրվելիք ցանկացած գործողության, գրեթե անկասկած է՝ որևէ ձևաչափում մասնակից է լինելու նաև Ադրբեջանը, ինչպես նաև անհերքելի է, որ նման գործողությունն առնվազն անուղղակիորեն անդրադառնալու է նաև ՀՀ անվտանգությանն ու շահերին: