Քաղաքագետ Արմեն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել է.
Իրանի իսլամական հեղափոխությունը տեղի է ունեցել 1979 թվականին, որի արդյունքում տապալվեց միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:
1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն:
Այսօր Իրանում վերսկսվել են հակակառավարական ցույցերը: Բոլորը գիտեն, թե Արևմուտքը ինչպիսի վերաբերմունք ունի, ինչ աջակցություն է ցուցաբերում հակակառավարական ուժերին: Հետաքրքիր է, կկարողանա արդյո՞ք Իրանում իշխող ռեժիմը պահպանել 40-ամյա իշխանությունը: