Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի բռնապետ Ռեջեփ Էրդողանը և նրան սատարող քաղաքական ուժերը:


Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրություններին մասնակցել է 59 354 840 ընտրող: Ըստ մասնակցածների 99, 16 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքների նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանալով ընտրողների ձայների 52.55 տոկոսը: Հիշեցնեմ, որ Էրդողանին սատարում էր ոչ միայն նրա հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությունը», այլև Դևլեթ Բահչելիի ֆաշիստական «Ազգայնական շարժում կուսակցությունը», որի ռազմական թևն է համարվում ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպությունը: Էրդողանի հաղթանակն առաջին փուլով հնարավոր էր միայն, եթե Բահչելին չէր մասնակցում ընտրություններին:


Ընտրողների ձայների 30.67 տոկոսը ստանալով երկրորդ տեղում է հայտնվել քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որի ներկայացուցիչ է Մուհարեմ Ինջեն:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը՝ 8.36 տոկոսով: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է նորաստեղծ «Իյի» կուսակցությունից առաջադրված Մերալ Աքշեները՝7.33 տոկոս ձայնով: Մյուս երկու թեկնածուները՝ Թեմել Քարամոլլաօղլուն «Սաադեթ» կուսակցությունից և հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը «Վաթան» կուսակցությունից երկուսով ստացել են մեկ տոկոսից մի փոքր ավել ձայներ:


Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ևս հաղթանակ է տարել Էրդողանի և Բահչելիի կողմից ձևավորված «Ժողովրդի Միություն» դաշինքը(«Արդարություն և զարգացում կուսակցություն» + «Ազգայնական շարժում կուսակցություն»), որը ստացել է ընտրողների ձայների 53.62 տոկոսը: Նրանց հաջորդում է «Ազգ Միությունը» («Ժողովրդահանրապետական կուսակցություն»+ «Իյի» կուսակցություն + «Սաադեթ» կուսակցություն)՝34.04 տոկոս ձայնով: Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ՝11.62 տոկոս ձայնով:


Այո՛, Թուրքիայի բռնապետն այս ընտրություններում ևս հաղթանակ տարավ, սակայն նախնական արդյունքները վերլուծելիս կարելի է համոզիչ ասել, որ առանց ազգայնական-ահաբեկչականների ձայների Էրդողանը պարտություն կկրեր ընտրություններում: Իսկ այդ ամենը Բահչելին և իր կողմկանկիցները շատ լավ հասկանում են և բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում «Ազգայնական շարժում կուսակցությունն» ու «Գորշ գայլերն» ավելի ճոխ ներկայացված լինեն:
Հիշեցնեմ, որ 2015 թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ռեջեփ Էրդողանին չէր հաջողվում երկար ժամանակ ձևավորել կոալիցիոն կառավարություն, քանի որ իր հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» ստացել էր ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 49, 41 տոկոսը և ստիպված էր Բահչելիի հետ կոալիցիա կազմել:
Հավելեմ, որ այս ընտրություններում Էրդողանի հարազատ կուսակցություն ավելի քիչ ձայներ է ստացել՝42.49 տոկոս, քան 2015 թ-ի խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ ստացել էր 49, 41 տոկոս: 2015 թ-ի ընտրությունների հետ համեմատ ձայներ են կորցրել նաև Դևլեթ Բահչելին՝2015 թ-ին՝11, 93 , այժմ՝ 11.13 տոկոս, քեմալականները՝2015 թ-ին՝ 25, 38, այժմ՝22.67 տոկոս: Չնայած նրան, որ Թուրքիայի բռնապետը ջանքեր չխնայեց, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» չհաղթահարի անցողիկ 10 տոկոսը և դուրս մնա Մեջլիսից, սակայն Դեմիրթաշին և նրա կուսակիցներին հաջողվեց տխրեցնել Էրդողանին և ստանալ ընտրողների ձայների 11.62 տոկոսը: Շռնդալից հաջողություն արձանագրեց նաև նորաստեղծ «Իյի» կուսակցությունը, որն առաջին անգամ մասնակցելով ընտրություններին ստացավ ընտրողների ձայների 10.01 տոկոսը:


Այսպիսով, 600 պատգամավորից բաղկացած Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» կունենա 293 պատգամավոր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» 146 պատգամավոր, ազգայնական-ֆաշիստական «Ազգայնական շարժում կուսակցությունը»՝ 50 , քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ 67, իսկ «Իյի»-ն 44 պատգամավորներ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել 63 նահանգներում, Մուհարեմ Ինջեն՝8-ում (Էդիրնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Չանաքկալե, Իզմիր, Այդըն, Մուղլա, Դերսիմ-Թունջելի), Սելահաթին Դեմիրթաշը՝10-ում (Իգդիր, Վան, Աղրի, Հակյարի, Դիարբեքիր, Բաթման, Մուշ, Սիիրթ, Մերդին, Շըրնաք):


Ի դեպ, ըստ նախնական տվյալների Թուրքիայի խորհրդարան է անցել նաև հայազգի թեկնածու Կարո Փայլանը: Նրա հարազատ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» Դիարբեքիրում լավ արդյունքներ է ցուցադրել և 9 պատգամավոր է ունենալու այդ նահանգից, որոնցից մեկը կլինի մեր հայրենակիցը: Մեջլիսում է հայտնվել նաև ստամբուլաբնակ Մարգար Եսայանը, ով ներկայացնելու է Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը»:


Հ.Գ.Ընտրությունների օրը թուրքական շատ ԶԼՄ-ներ բազմաթիվ տեղեկություններ էին հաղորում երկրի տարբեր մասերում և հատկապես արևելյան նահանգների ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումների մասին, որոնք, հաշվի առնելով Էրդողանի տոկոսային շատ ցածր հաղթանակը, կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ, ընտրություններից ընդամենը 1-2 օր առաջ անկախ սոցիոլոգիական հարցումների համաձայն Էրդողանին ձայն էին տալու ընտրողների 48 տոկոսից ոչ ավելը: