Հայ-ադրբեջանական սահմանի՝ նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի դիտարկում ունեմ: Ուզում եմ կիսվել:
Նախ, ինչու՞ է Ադրբեջանի իշխանություններին պետք իրավիճակ սրել Նախիջևանում:
Հիմնական երկու պատճառ եմ տեսնում՝
ա) բարենպաստ պայմանների դեպքում Արցախում պատերազմ սկսելիս՝ նրանք վստահ կլինեն, որ հայկական կողմը չի կարողանա ուժեր հանի նախիջևանյան ուղղությունից և տանի Արցախ: Այսինքն՝ մեր դիմադրության ծավալներն են փորձում փոքրացնել,
բ) Նախիջևանում շոուներ անելով՝ Ալիևը, ըստ էության բարձրացնում է, ինքնավար այդ մարզի Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հեղինակությունը ադրբեջանցիների շրջանում:
Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի իշխանական համակարգում նախիջևանցիների կլանի գլխավոր ներկայացուցիչ Ռամիզ Մեհթիևը բավական ծերացել ու զգալիորեն պասիվացել է՝ Ալիև պարզապես ստիպված է նրա հնարավոր փոխարինողին, որը հենց Թալիբովն է, պատրաստել այդ գործին:
Նախօրեին մի շարք բլոգերներ ու փորձագետներ Նախիջևանի սահման են գնացել: ՊՆ-ն էր կազմակերպել: Մարդիկ իրենց աչքով տեսել և համոզվել են, որ զգալի փոփոխություններ առաջնագծում չեն եղել: Ու չնայած լայնամաշտաբ պատերազմի դեպքում էտ փոքր առաջխաղացումներն ու նահանջները մեծ դեր չեն խաղում՝ այնուամենայնիվ դա ուրախացնող փաստ է:
Նախիջևանի հարցում միշտ պետք է հիշենք հարցի աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին: Ասում ենք Նախիջևան, հասկանում՝ Թուրքիա: Սա չի կարելի երբեք մոռանալ:
Հրանտ Մելիք-Շահնազարյան