Նարինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե «Կուզին գերեզմանը կուղղի», ապա ՎԱՐԴԱՆԱՆՔ ռեստորանին ոչ մի բան չի ուղղի։ Այսօր Ոստիկանությունից նամակ ստացա, որ այս ռեստորանը վարչական իրավախախտման պատճառով ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Նույնն էլ պատասխանել էին Անահին Բախշյանին։ Սակայն այժմ ռեստորանը մի քանի դահլիճներից երաժշտություն է դղրդացնում։ Երբ օրեր եկան մեր տանը աղմուկի մակարդակը չափելու, ասացին, որ ընդունված կարգի համաձայն 50-60 տոկոս ուժգնությամբ են չափում, այն դեպքում,, երբ ռեստորանը հենց հիմա100 տոկոս ուժգնությամբ է նվագում։ Բացի այդ էլ, կանխավ զգուշացրել էին ռեստորանի սեփականատիրուհուն։ 
Վերջին մի քանի օրերի ընթացքում ես մեր տանն ընդունել եմ ոստիկանների, թաղապետարանի աշխատակիցների, որոնք ասացին, ռեստորանի սեփականատերը' Ռուզանը, զգուշացվել է, և նրանից գրավոր պարտավորություն են վերցրել։

 

Եվ հիմա ես սպասում եմ, թե այս տեռորը ե՞րբ պիտի վերջանա, որ 70 բուհական քննական տետրերը կարողանամ ստուգել։ 

Սա լռության, հասարակական անդորրի և հասարակական կարգի կոպիտ և շարունակական խախտում է։ Եթե մի քանի անգամ պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում են նույն կերպ, պետք է դրանց գործունեությունը կասեցնել։

Կարծում եք, թե մի առանձին ռեստորանի հա՞րց է։ Ո'չ, սա նոր իշխանության կողմից թմբակահարվող անպատժելիներին և ապօրինաբար գործողներին պատժելու ունակության հարց է։ Չեմ կարող հավատալ որևէ փոփոխության, քանի դեռ ՎԱՐԴԱՆԱՆՔ և այլ ռեստորաններ շարունակում են մարդու առողջոթյան և հանգստի դեմ ուղղված այս տեռորը։ Ողջ խնդիր այն է, որ այդ տեռորիստներն աշխատում են նաև նոր կառավարութւան դեմ»։