Պատկերացնելու համար, թե ինչպիսի պայմաններում է սկսել աշխատել և առաջնային ինչ խնդիրներ է իր առջև դրել Հայաստանի առաջին կառավարությունը, կարդանք Հայաստանի Խորհրդի երկրորդ նիստում, 1918թվ. օգոսոստոսի 3-ին, վարչապետ Քաջազնունու կողմից ընթերցված կառավարական Հայտարարությունը.
«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր է ծնունդ առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում. նա չի հաջորդում նախկին կառավարությանը` շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը. նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության կարիքներին հարմարեցրած պատրաստի ապարատներ: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից. անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին:
Մյուս կողմից, կառավարությունը գտնում է երկիրը այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն` կատաստրոֆիկ:
Չորս տարի տևող պատերազմը, մեծ հեղափոխությունը, ռուսական զորքերի անկանոն նահանջը մեր սահմաններից, կայսրության տարրալուծումը, պատերազմական ճակատի վրա կրած մեր պարտությունները, տերիտորիաների կորուստը, Անդրկովկասի բաժանումը անջատ պետությունների` այս խորին ցնցումները չէին կարող չթողնել իրենց հետևից ահռելի հետքեր: Տնտեսական կյանքի ու ֆինանսական դրության կատարյալ քայքայում, դադարում ապրանքների արդյունաբերության և փոխանակության, զինամթերքի ծայր աստիճանի պակասություն, ամենաանհրաժեշտ առարկաների բացակայության կամ սոսկալի թանկություն, ներմուծման բացարձակ ընդհատում, երկաթուղային հաղորդակցության դադարում, երթևեկության ուրիշ միջոցների պակասություն, ապա հարյուր հազարներով հաշվվող անտուն և անսնունդ գաղթականություն, անապահով կացություն սահմանների վրա և որպես անխուսափելի հետևանք այս բոլորի` անիշխանություն:
Ահա թե ինչպիսի ծանր պայմանների մեջ կանչվել է աշխատանքի իմ կառավարությունը: Այս բացառիկ դրությունը նախորոշում է արդեն կառավարության բնույթը:
Նա չի կարող ձգտել բազմակողմանի ու լրիվ գործունեության, չի կարող ունենալ լայն ծրագիր և սահմանափակվելու է ամենաանհրաժեշտ ու միանգամայն անհետաձգելի խնդիրներով:
Կասեցնել քայքայման պրոցեսը, հանել երկիրը անիշխանության վիճակից և ստեղծել պետական շինարարության համար պայմաններ` ահա թե ինչպես է ըմբռնում իր կոչումը ներկա կառավարությունը:
Համաձայն սրան, կառավարությունը դնելու է լուծման հետևյալ խնդիրները.
Ա. Ներքին գործերի սահմաններում.
1. Հաստատել երկրում տարրական իրավակարգ, կյանքի ու գույքի ապահովություն:
2. Բանալ հաղորդակցության ճանապարհները անարգել երթևեկության համար:
3. Վերականգնել փոստ-հեռագրական նորմալ հաղորդակցություն թե երկրի մեջ և թե հարևան պետությունների հետ:
4. Եռանդուն միջոցների դիմել կարելույն չափ մեղմացնել պարենավորման տագնապը:
5. Տնօրինել գաղթականների և փախստականների վիճակը, մասամբ վերադարձնել իրենց տեղերը, մասամբ տեղավորել նոր վայրերում:
6. Նախապատրաստել Հայաստանի Սահմանադիր ժողովի հավաքումը կարելույն չափ շուտ:
Բ. Ֆինանսների սահմաններում.
1. Հող պատրաստել սեփական դրամական սիստեմի հիմքը դնելու համար: Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երկիրը ապահովվի դրամական նշաններով:
2. Վերականգնի արդյունաբերական կյանքը և ապրանքների փոխանակությունը:
3. Մշակվի հարկերի առողջ սիստեմ:
Գ. Արդարադատության սահմաններում.
Հարմարեցնել դատարանը երկրի քաղաքացիական իրավահասկացման և իրավական սովորույթների պայմաններին` միաժամանակ մասնակից անելով քրեական դատավարությանը ժողովրդի ներկայացուցիչներին:
Դ. Զինվորական գործերի սահմաններում.
Վերակազմել երկրի զինվորական ուժերը` նպատակ ունենալով ստեղծել թվով ոչ մեծ, բայց ոգով ու կարգապահությամբ ուժեղ բանակ:
Ե. Արտաքին գործերի սահմաններում.
1. Ամրացնել օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես լուծել օսմանյան զորքերի մեր երկրից դուրս բերելու հարցը և գաղթականների վերադարձը:
2. Ազրբեջանի և Վրաստանի հետ փոխադարձ համաձայնության գալով` լուծել Հայաստանի և այլ պետությունների սահմանների հարցը` հիմք ունենալով ազգագրական սկզբունքը, իբրև միակը, որ համապատասխանում է ռամկավար պետությունների ոգուն ու նպատակներին:
3. Լիկվիդացիայի ենթարկել, համաձայնության գալով Ազրբեջանի և Վրաստանի հետ, ընդհանուր հիմնարկությունները և գույքը, որ մնացել են Անդրկովկասյան Հանրապետությունից:
Այս է կառավարության ծրագիրը: Սա կարելի է անվանել պետության գոյությունը ապահովող ամենաանհրաժեշտ գրավականների ծրագիրը: Պարզ է որ նա չի ընդգրկում երկրի բազմազան կարիքները իրենց ամբողջությամբ, որ նրա սահմաններից դուրս մնում են մի շարք կարևոր և արդեն հասունացած խնդիրներ: Բայց կառավարությունը չի դնում հերթի այդ խնդիրները, որովհետև նրանց լուծումը այսօրվա պայմանների մեջ համարում է անկարելի: Կառավարությունը չի ուզում սխալների մեջ գցել երկիրը լայն հեռանկարներով և անիրագործելի խոստումներով, չի ուզում վերցնել իր վրա պարտականություններ, որոնց կատարումը վեր է իր ուժերից: Կառավարությունը համոզված է, որ իր առաջադրած ծրագիրը մաքսիմումն է այսօրվա հնարավորության: Կառավարությունը լարելու է իր ամբողջ ուժն ու կարողությունը այդ մաքսիմումին հասնելու և հույս ունի հաջողությամբ լուծելու դրված խնդիրների գոնե մի մասը, եթե իր կողմն ունենա Խորհրդի անվերապահ վստահությունն ու գործուն աջակցությունը»: