Որոշել էի չմտնել մատի և մատանու արանքը, բայց հասկացա, որ դա յուրաքանչյուրիս խնդիրն է. խոսքը մերօրյա «Ծռերի» անմիջապես ազատելու պահանջի մասին է: Արդեն գրվել է Փաշինյանի և նրանց փոխահարաբերությունների մասին, այդ թվում՝ 2016-ի հուլիսյան օրերին: Գրվել է նաև նրանց քաղբանտարկյալ լինելու կամ չլինելու մասին: Սակայն ես ուզում եմ մեկ այլ հարցին անդրադառնամ. «ծռերը» վաղ թե ուշ ազատ կարձակվեն՝ այդ մասին արդեն հայտարարվել է արդարդատնախարար Զեյնալյանի կողմից, և եթե նրանք համարյա երկու տարի անցկացրել են սերժական բանտում, ապա կարող են ուղղակի կարճ ժամանակ ևս համբերել:
Սակայն եթե նրանց համակիրները չանսան վարչապետի կոչին և չդադարեցնեն բողոքի ցույցերը՝ նրանք ընդամենը ջուր կլցնեն հանրապետականի ջրաղացին, որ պատրաստ է օգտագործել ամեն առիթ հեղափոխական կառավարությանը վնաս պատճառելու համար: Իսկ եթե դա նրան հաջողվի, ապա «ծռերը»՝ կոչվեն իրենք քաղբանտարկյալ, թե ոչ, դեռևս երկար կմնան այնտեղ, որտեղ նրանց ուղարկել է սերժական իշխանությունը: Այնպես որ հենց «ծռերի» շահերից է բխում, որպեսզի դադարեցվեն նրանց համակիրների բողոքի ցույցերը և հարցերը լուծվեն իրավաբանների առանձնասենյակներում՝ ինչպես առաջարկել է Զեյնալյանը: Հուսով եմ, որ այս գրությունը կարդացողները կփորձեն արձագանքել, եթե այդպիսիք լինեն, գիտակցական և ոչ թե էմոցիոնալ մակարդակում:
Վախթանգ Սիրադեղյան