Մի կարևոր պարզաբանում անեմ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մենաշնորհների հետ կապված խոստման ու հայտարարությունների հետ կապված։
Փաշինյանը էսօր էլ հայտարարեց, որ ՊԵԿ-ին հանձնարարել է ապահովել, որ ով ինչ ցանկանա, կարող է ներմուծել՝ բանան, շաքար, վառելիք և այլն...
Ես հավատում եմ, որ էդ ոչ ֆորմալ արգելքները արդեն կարելի է վերացած համարել։ Դրա համար ընդամենը պետք էր քաղաքական՝ երկրի առաջին դեմքի բանավոր ու կոնկրետ հանձնարարական-զգուշացումը։ Ինչը և արվեց։
ԲԱՅՑ
Կոնկրետ շաքարի շուկայում մենաշնորհը չի վերացել ու դժվար էլ վերանա։
Պատճառը միայն մեծ ծավալները (մասշտաբի էֆեկտը) չի):
Տեսեք, ըստ ՀՀ օրենսդրության չափանիշների՝ շաքարավազի շուկայում մենաշնորհ հիմա էլ չկա. դե յուրե Հայաստան շաքար են ներկրում մոտ 2 տասնյակ ընկերություններ։ Ալեքսանյանին պատկանող "Ալեքս Հոլդինգին" բաժին է ընկնում ներկրվող շաքարի մոտավորապես 97%-ը։ Բոլորը հասկանում են, որ սա փաստացի մենաշնորհ է, սակայն օրենք խախտում չկա։ Օրենքը պատիժ է սահմանում միայն գերիշխող դիրքի չարաշահման համար։
Ուրեմն ի՞նչ անել՝ այս շուկայում մենաշնորհը արագ վերացնելու համար։ Միակ ձևը տվյալ ընկերությունը մասնատելն է, որի հնարավորությունը, սակայն, ՀՀօրենսդրությունը չի տալիս։ Անօրինական մեթոդներով էլ չի կարելի նման բան անել։ Առավելևս, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝քաղաքական և ՏՆՏԵՍԱԿԱՆ վենդետաներ չեն լինելու։ Այսինքն՝ "Ալեքս Հոլդինգին" կոշտ մեթոդներով չեն մասնատի կամ ոչնչացնի։
Սա էլ դեռ ամենը չէ։ Անգամ օրենսդրության իդեալական կիրարկման դեպքում, հավանականությունը, որ շաքարի շուկայում կհայտնվի "Ալեքս Հոլդինգի" մրցակից, գրեթե զրոյական է։ Այն պարզ պատճառով, որ նախ՝ Ալեքսանյանը դե-յուրե ներմուծում է ոչ թե պատրաստի շաքար, այլ շաքարի հումք, որի մաքսազերծումն ավելի էժան է։ Ու բացի այդ, ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում երրորդ երկրներից Հայաստան պատրաստի շաքարի ներմուծումը խիստ քվոտավորված է՝ տարեկան ընդամենը 4000 տոննա (մինչդեռ տարեկան սպառվում է մոտ 50 հազար տոննա)։
Միակ տեսական հնարավորությունը, որ Հայաստանում շաքարի մենաշնորհը շատ արագ վերանա, այն է, որ ինչ-որ մեկը նույնպես շաքարի գործարան կառուցի և հումք ներմուծելով՝ սկսի մեծ քանակությամբ շաքար արտադրել։
Կարճ ասած, մայիսի 8-ից ոչ ոք ոքի չի արգելի շաքար ներմուծել, սակայն շաքարի մենաշնորհը Հայաստանում առաջիկա ամիսներին հաստատ չի վերանա։
Այդ դեպքում, ո՞րն է Փաշինյանի խոստման իմաստը։ Փաշինյանի կառավարությունը ոչ թե վերացնելու է փաստացի գոյություն ունեցող մենաշնորհը, այլ վերացնելու է այն պայմանները, որոնք նպաստում են մենաշնորհի ձևավորմանը՝ լծակների օգտագործում, ահաբեկում, անհավասար մաքսազերծման պայմաններ և այլն։ Սակայն արդեն գոյություն ունեցող մենաշնորհի խնդիրը չի լուծելու։
Այս մասին հիմա եմ գրում, որպեսզի վաղը Փաշինյանի կառավարությանը սա "դեմ չտան"՝ ցույց տալու համար, որ խոստումը չի կատարում։
Փոխարենը՝ նույն Սամվել Ալեքսանյանի բիզնեսների հետ կապված կարելի է ահագին բան անել՝ ապահովել թափանցիկությունը, ստվերային մասը բերել "լույսի տակ", վերահսկել, որպեսզի անարդար մրցակցության չդիմի և այլն։