Չեմ տրվել սադրանքներին և չեմ տրվելու, էմոցիոնալ, ակնհայտ քննադատության չդիմացող հրապարակումներին: Ռեկտորը փորձում է էմոցիոնալ դաշտի վրա կեղծ օրակարգ ձևավորել:
Երեկ արհմիության նախագահը հանգիստ կոչ էր անում գնալ դատարան: Արհմիությունը ամբողջ աշխարհում ստեղծված է բողոքող սոցիալական խմբի շահերը քննարկելու, պաշտպանելու և լուծելու համար: Կարճ ժամանակ անց տեսանք Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանի մեկնաբանությունը՝ «Կարծում եմ, ի շահ Շիրակի պետական համալսարանի աշխատողների և ուսանողների Սահակ Մինասյանը ճիշտ կանի հրաժարական տա. այն կնպաստի, որպեսզի Գյումրիում անդորրը պահպանվի»:


Արդար բողոքն իրականացնողների դեմ ռեկտորն ուղարկել էր իրենց էմոցիոնալ ճիչերով հուսահատ խլացնել փորձող երկու-երեք աշխատակցուհիների: Օրինակ, հոգեբանության ամբիոնի վարիչը, որը գիտխորհրդում հորդորում էր բողոքող ուսանողների հարցով ծնողական ժողովներ հրավիրել: Ով մեր բողոքների ժամանակ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը' ընդօրինակելով ռեկտորին:


Բղավողների մեջ էր գրադարանի վարիչը, ում «մինասյանական» գործունեության շնորհիվ մենք զրկվեցինք մեր գրքերի զգալի մասից և յուրաքանչյուր բուհի համար հպարտություն հանդիսացող ոսկե ֆոնդից:


Փորձ է արվում մեղադրել Հայաստանում հռչակված քաղաքագետ պարոն Համբարյանին ավելորդ էմոցիոնալության մեջ: Երբ որ բուհի վարչական աշխատակիցը գոռում է ուսանողուհու վրա, ով ուղղակի բողոքում է իրեն սխալ գնահատելու համար, դա իհարկե չեք տեսնում:


Երբ որ ամիսներ շարունակ երկրում առկա կոռումպացված համակարգի առկայության պայմաններում ընկեր Համբարյանն ու շատերս մեր օրինական բողոքն էինք արտահայտում ոչ մի ուշադրության չէիք արժանացնում:
Երբ որ ռեկտորը շարունակաբար փորձում է կրճատել վարձերի զեղչերը, պահանջում է անհապաղ բերել և մուծել վարձերը, այդ հանգամանքին չեք արձագանքում: Ինչքանո՞վ է արդար, երբ ուսանողները, գիշերները չքնելով, սովորում են' իրենց ապագան կապելով բուհի դիպլոմի կամ խղճուկ 20 տոկոս վարձի զեղչ ստանալու հույսի հետ, իսկ մի քանիսը ստանում են իրենց քննություններն առանց գիտելիք ունենալու ռեկտորի «մտերիմ» լինելու պատճառով:
Կոչս և հորդորս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր հուսահատորեն փորձում են երևույթը այլ կերպ մեկնաբանել, ու այլ որակումներ տալ: Հարգելիներս, Ձեզ մոլորեցնում է ռեկտորը: Դուք իրավիճակը լավ չեք պատկերացնում, երևույթը Ձեզ մեկնաբանվում է այլ կերպ: Այն ժամանակ երբ օրեր շարունակ արևի տակ մաշվում էինք երթերից ու ցույցերից, ՇՊՀ ռեկտորը մարդիկ էր ուղարկում ՝ «մինասյանական» մարդկանց բացահայտելու, ցուցակագրելու համար: Այն ժամանակ, երբ շատ ուսանողների ցույցերին մասնակցելու համար սպառնում էին 0 նշանակել, բուհից դուրս թողնել, մենք մեր ընկերների հետ պահանջում էինք անհապաղ վերջ տալ այդ ապօրինությանը:
Հասկացեք մի պարզ ճշմարտություն, Ձեզ փորձում է օգտագործել, իր համար, բացի անձնական շահից, գոյություն չունի այլ կարծիք: Բոլորս գիտենք՝ երիտասարդներին օգտագործելը, շահագործելը, հեղինակազրկելը Մինասյան ռեկտորի միակ կարողությունն է: Ներկայիս ռեկտորն այդ փորձն արել է շատերի հետ, զգացել եմ սեփական մաշկիս վրա և թույլ չեմ տվել, որ ոչ իմ, ոչ էլ ուսանողական ինքնակառավարման անունը վատաբանվի: Ռեկտորը իրեն սպառել է, ռեկտորը կգնա, մի տրվեք ազդեցությանը, խոստումներին: Ձեզ բոլորիդ ճանաչում եմ ու շարունակել ու շարունակելու եմ լավ վերաբերվել:


Ռեկտորը բուհի դասախոսներին աշխատանքից ազատելուց հետո ոչ մի գիտխորհուրդ չի հրավիրել, բուհը կառավարում է իր «շքեղաշուք» կաբինետից: Բուհի կառավարման համակարգում կատարում է փոփոխություններ՝ նախադեպ, որ չունի ոչ մի հայաստանյան բուհ: Իսկ միակ նպատակը, ոչ թե օպտիմալացումն է, այլ անցանկալի տարրերից ազատվելը: Հեղափոխությունը հաղթանակել է երկրում, կառուցում ենք մեր ապագան, ռեկտորը բարձրաձայնում է, որ հարգում է երիտասարդության կարծիքը. բուհում նման սարսափելի պատկերի առկայության դեպքում ինչ թատրոն եք սարքել պարոն Մինասյան:


Ինձ հետ զրույցում ներկայիս ռեկտոր Մինասյանը նշեց. «Դուրս գալով իմ դեմ' դու դուրս ես գալիս Հանրապետական կուսակցության դեմ»: Այն ժամանակ պարոն Մինասյանը հստակ համոզվեց, որ չեմ նահանջելու: Հրապարակային և հստակ կերպով նշում եմ: Դուրս եկանք Ձեր դեմ էլ, դուրս եկանք հանրապետական կուսակցության դեմ էլ, դուրս եկանք Սերժ Սարգսյանի դեմ էլ, որի դեմ պայքարելը տարիներ շարունակ անիմաստ էր համարվում և հեղափոխությունը ի շնորհիվ համազգային առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հաղթեց: Ձեզ էլ ենք հաղթելու' մեր համազգային Սիրո և հանդուրժողականության հեղափոխության գաղափարաբանության հանրահռչակ պահանջներով և գործելաոճով: