Գալիս են նոր ժամանակներ: Այսօր արդեն մարդկանց մոտ սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, բոլորովին նոր ապագայի, ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ պատկերը: Այս Նոր Աշխարհում, մարդու առաքինության և բարոյականության, մարդկային անանձնական սիրո և մաքրության, մարդկանց բարեկամության և փոխօգնության, արդարության, ազնվության, մարդկային արժանապատվության և այլ՝ ՄԱՐԴ մարդուն չափազանց հարազատ, նրա սակրալ էությունից բխող և նրա ինքնությանը համապատասխանող, նրա կողմից սերնդեսերունդ փոխանցվելիք հավերժ գաղափարներն են գերակայելու, գերագույն նպատակ հանդիսանալու:
Զուտ նյութական աշխարհով սահմանափակված շահամոլ, ագահ ու ընչաքաղց արարածի վերածված այսօրվա մարդու համար, ում ներշնչել են, թե իր գոյության գլխավոր նպատակը միայն հարստանալն ու անձնական առավելագույն հաճույքներ ստանալն է, նոր չափողականություննեին անցնելը չափազանց դժվար է լինելու: Այս անցումը, յուրաքանչյուր անհատից ինքնուրույնության ու իրական ազատ մտածողության չափազանց բարձր աստիճան է պահանջելու:
Ճակատամարտի դաշտը արտաքինից դեպի ՆԵՐՔԻՆ ՄԱՐԴՆ է տեղափոխվելու: Յուրաքանչյուրն, իր առջև, ինքն իրեն փոխելու, ՛՛վերստին ծնվելու՛՛ խնդիր է դնելու: Անցում է կատարվելու մտածողության այլ՝ ՆՅՈՒԹԱԿԱՆԻՑ ՉԿԱՌՐԱԾ չափողականությունների: Մարդկային բոլորովին այլ հոգեվիճակ է ձևավորվելու:
Ահա այսպիսի հոգեվիճակի անցման արդյունքում է, որ Նորի կրող մարդկանց որոշակի զանգված սկսելու է ապրել, կամ արդեն ապրում է այդ տեսլականին համապատասխան կյանքով: Նրանց օրինակով է, որ հասարակության խաղաղ ու ապահով կյանքի ենթագիտակցական սպասումներն ավելի ու ավելի շոշափելի ու տեսանելի են դառնալու, և այդ ժամանակ տեղի է ունենալու մարդկանց կողմից երկար սպասված, նրանց համար հասկանալի ու հոգեհարազատ գաղափարների հաղթանակը: Էապես փոխվելու է արժեքային համակարգը, բոլորովին այլ շեշտադրումներ են ստանալու մարդկանց մոտեցումներն իրար, ընտանեկան հարաբերություններին, շրջապատող միջավայրին, տնտեսության զարգացումների նպատակայնություններին, պետությանը, աշխարհին, ամեն, ամեն ինչին և Հայաստանն էլ, վերջապես, դուրս է գալու այս մղձավանջից:
Իսկական պայքարը նոր է սկսվում: Պայքար, որտեղ յուրայինի ու ոսոխի միջև ճակատային գիծն անցնում է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՆԵՐՍՈՎ: