Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի մինչեւ մայիսի 1-ի ԱԺ նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա մասնավորապես, նշել է.

 

«Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ: Երեւանում այսօր խաղաղ էր, փողոցները բաց ու հանգիստ, դպրոցները լիքը ուրախ երեխաներով։

Սա այն վիճակն է, որը մենք պետք է ունենանք մայիսի 2-ին։ Բայց այսօր սա ժամանակավոր «մարդասիրական ընդմիջում» է։

Մենք ունենք 2-3 օր՝ լուծումներ գտնելու, առաջ գնալու, ողբերգությունից խուսափելու։ Սա մեր բոլորի 2-3 օրն է։ Ոչ մեկի սեփականությունը չէ, խաղաղության եւ ողբերգության որոշումը ոչ մեկի հեղինակային իրավունքը չէ։ Ուրեմն բոլորս ներդնում ենք մեր ջանքերը՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։

Իմ առաջարկները

1. Իրավիճակը պետք է հանգուցալուծվի մինչեւ ԱԺ նիստը։ Ապրիլի 30-ին (ամենաուշը) պետք է հանրությանը ներկայացվի քաղաքական համաձայնության հիմնական սխեման։

2. Համաձայնությունը ունենում է երաշխավորներ։

3. Մայիսի 1-ին ԱԺ-ն ուղղակի վավերացնում է արդեն իսկ ձեռք վերված պայմանավորվածությունների կետերը։

4. Այսօրվանից սկսած իշխանությունները պետք է ներկայացնեն լուծման մի քանի տարբերակները։ Իշխանությունները չեն անի՝ պետք է անենք մենք, բոլոր նրանք, ովքեր կարող են գրագետ լուծումներ առաջարկել։ Եվ խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ։ Սա ամենակարեւոր սկզբունքն է։ Խնդիրը Նիկոլին, Իշխանությանը եւ մեզ բոլորիս օգնելն է՝ դուրս գալ փակուղուց, արժանապատվորեն քայլ կատարել դեպի քաղաքական, խաղաղ հանգուցալուծում։

5. Պետք է արագ քննարկել չեզոք, տեխնիկական վարչապետի տարբերակը։

6. Պետք է՝ հաշվի առնելով օբյեկտիվ հանգամանքները, որոշել արտահերթ ընտրության մոտավոր ժամկետները։

7. Մշակել արդար ընտրության մեխանիզմներ. Ըստ այդմ՝ ԿԸՀ նախագահ պետք է լինի Փաշինյանի առաջարկած, հեղինակավոր, ընդունելի թեկնածու։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովը պետք է գլխավորի Փաշինյանի առաջարկած հեղինակավոր որեւէ իրավաբան։

8. Պետք է կազմակերպվի միջազգային դիտորդական առաքելություն։

Առայժմ այսքանը»:

 

Հ. Գ.

Կոչ եմ անում, խնդրում եմ բոլոր կարող եւ մտագոհ մարդկանց ու շրջանակներին՝ մամուլը հեղեղեք ռացիոնալ առաջարկներով։ Նիկոլի շրջապատին եւ իշխանության նեղ շրջանակին՝ անմիջապես ձեր լիդերների սեղաններին դրեք ձեւակերպված ցանկացած լավ առաջարկ։ Ժամանակ քիչ ունենք։

Չպետք է ստեղծվի տպավորություն թե լուծումները միայն սեւ ու սպիտակի մեջ են։